Առավոտից մի խումբ երիտասարդներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի մուտքերը՝ իրենց բողոքը արտահայտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին:
Կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպմանը հասցեագրվել են հնչեցված խնդիրները: Ամատունին նաև ասել է, որ Լաչինի միջանցքով Կարմիր խաչի տեղաշարժն այս պահին կասեցված է: Նա անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգմանը:
«Չեմ կարող մեկնաբանել բովանդակային մասով, թե ինչ է տեղի ունեցել դեպքի վայրում՝ այսպես ասած: Ես կարող եմ միայն ասել, որ ցանկացած խնդիր, որ ծագում է մեր աշխատանքի ընթացքում, կոնֆիդենցիալ կերպով քննարկվում է անմիջապես հնարավոր խախտողի հետ կամ կողմի հետ, որ պատասխանատու է այս կամ մյուս իրավիճակի համար:
Անձին մենք տեսակցել ենք նույն օրը, երբ նա ձերբակալվել է: Նույն երեկո պատվիրակները (ի դեպ՝ արտասահմանցիներ, որոնց թվում մեկը պատվիրակ էր, մյուսը՝ բժիշկ), արտասահմանցի մեր կոլեգաները տեսակցել են անձին Ադրբեջանում, և այդ տեսակցության ընթացքում տրվել է հնարավորություն՝ կապ հաստատելու ընտանիքի հետ:
Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի հետ շփումներին, բնականաբար, առաջինը մեր տեսակցության մասին տեղեկանում են ընտանիքի անդամները, այնուհետև մենք կարող ենք շատ քիչ տեղեկություններով կիսվել նաև հանրության հետ: Երբ այն, ինչ որ մենք նկատում ենք մեր տեսակցությունների ժամանակ՝ ինչպիսի՞ նկատառումներ ունենք, ինչպե՞ս ենք մենք դրան հետևում և հաջորդ մեր տեսակցության ժամանակ փորձում, եթե կարիք կա, շտկել, այս ամենը հանրային քննարկման ենթակա չէ»,- ասաց Զառա Ամատունին: