ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԼԻՆՔԵՆ-ԱԼԻԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Էնթոնի Բլինքենը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ խոր մտահոգությունն է հայտնել Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակի հետ կապված։ «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ հասնելու կայուն խաղաղության»,- նշել է պաշտոնյան։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր ավտոմեքենաների ազատ տեղաշարժման հրատապությունը և այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որ մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ըստ Մեթյու Միլերի՝ պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն բանակցություններում առաջընթացը:
ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում է: Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր: Հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիայի արտգործնախարարը առաջին անգամ մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները, նշել, թե իբր Բաքվի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են։
Հաքան Ֆիդան (Թուրքիայի ԱԳ նախարար) - Բժշկական տարանցումն ապահովված է, մարդասիրական օգնություն է տրամադրվում, Լաչինի ճանապարհը ադրբեջանական տարածք է, և Ադրբեջանն այնտեղ կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել:
Նա հայտարարել է՝ ուժեղ Թուրքիա՝ նշանակում է ուժեղ Ադրբեջան, իսկ ուժեղ Ադրբեջան՝ ուժեղ Թուրքիա: Ֆիդանի խոսքով՝ Անկարան լիովին աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և կոչ արել միջազգային հանրությանը չմիջամտել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Թուրքիայի գլխավոր դիվանագետը հավելել է՝ կարգավորման գործընթացը կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար: Այդ հարցում նա կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
Բայրամովն էլ հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ խաղաղության գործընթացը իբր խափանելու համար: Նա հավելել է, թե, չնայած դրան, Բաքուն պատրաստ է փակել թշնամության էջը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Հայաստանին Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի, այն հիմնված է երկու երկրի ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վրա: Սակայն, չնայած ստանձնած պարտավորությունների՝ Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» բացումը խոչընդոտելը, հայկական զինված ուժերը դուրս չբերելը, Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը, Ղարաբաղի հայերի վերաինտեգրմանը խանգարելը տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին ամենալուրջ սպառնալիքներն են։
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև Անկարա-Բաքու հարաբերությունների մասին, շեշտել, որ Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո երկկողմ գործակցությունը խորանում և ընդլայնվում է բոլոր ոլորտներում: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը Ադրբեջանի և Թուրքիայի համերաշխության և եղբայրության վառ օրինակ է:
Բայրամովը բարձր է գնահատել և այն փաստը, որ Անկարան Բաքվի կողքին է նաև այսօր: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանն էլ աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԿԽՄԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ Է. ԲՈՒԱՅՈ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ՝ Թվիթերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։
Հղում կատարելով հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին Կարմիր խաչի գրառմանը՝ Անն Բուայոն հավելել է՝ կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԼՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՌՈԹ
Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին մարդասիրական աջակցությունը՝ հայտարարել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Միխայել Ռոթը ընդգծել է՝ դա միջազգային իրավունքի խախտում է:
«Նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դա չի արդարացնում էթնիկ զտումները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պետք է հստակ դիրքորոշում որդեգրեն այս հարցում: Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի զոհը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է պաշտոնյան: