Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին առևանգելով՝ Բաքուն նրան ծանր մեղադրանքներ է առաջադրել: Կարմիր խաչի ուղեկցությամբ տղամարդը փորձում էր Հայաստան տեղափոխվել Լաչինով, երբ ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են նրան: Ադրբեջանի դատախազությունը Խաչատրյանին պատերազմական հանցագործություններ է վերագրել, իբր 1991 թ-ին նա կազմակերպել և իրականացրել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների սպանդ՝ կյանքից զրկելով 25 հոգու, 358 ադրբեջանցու արտաքսելով բնակության վայրերից:
Բաքուն պնդել է, թե նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, և այսօր, հայտնաբերելով Լաչինում, կալանավորել են: ԼՂ-ն շրջափակած ադրբեջանական վարչակազմը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է ցեղասպանության և բռնի տեղահանում իրականացնելու համար: Ադրբեջանական հերթական ապօրինությանը ԼՂ նախագահի խորհրդականն է արձագանքել:
Արտակ Բեգլարյան ԼՂ նախագահի խորհրդական - Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին` Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման` նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։
Ըստ Բեգլարյանի` տղամարդն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ, հայտնել է ՀՀ-ում կազմակերպության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր՝ հարազատներից, Կարմիր խաչի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ դեպքի մանրամասները ճշտելուց հետո պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:
ԲԱՔՎԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Կարմիր խաչը նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք` նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:
ԱԳՆ - Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում` այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը:
ԱԳՆ - Այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև 2023 թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:
Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:
ԼՂ-ի քաղաքացուն առևանգելուն զուգահեռ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշված է, թե հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նամակը Թվիթերում հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքով ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը։