«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից փոխելով «BB-»` «կայուն» հեռանկարով: Այդ մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Հայաստանի վարկանիշի բարելավումը պայմանավորված է մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:
Վերջին տարիների ցնցումներից հետո Հայաստանը շատ զգալի վերականգնում ու բարձր աճ է գրանցել և ակնկալվում է, որ այդ դրական դինամիկան կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Մասնավորապես, 2022թ. գրանցած 12.6 % տնտեսական աճից հետ գործակալությունը գնահատում է, որ 2023թ. ՀՀ տնտեսությունը կգրանցի 7.2% աճ, իսկ միջնաժակետում տնտեսական աճի ներուժը կբարձրանա:
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը նպաստել են նաև այն, որ չնայած հայկական դրամի արժևորմանը ապրանքների և ծառայությունների արտահանման դինամիկան կմնա դրական է: «Ֆիթչ»-ն անկալում է, որ 2021թ. մակարդակի համեմատ 2025թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կկրկնապատկվի:
Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կտրուկ նվազել է 2021թ. 60.2%-ից 2022թ. կազմելով ՀՆԱ-ի 47.6%, որը պայմանավորված էր նաև բարձր տնտեսական աճով, դրամի արժևորմամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացված ֆիսկալ կոնսոլիդացիայով: Գործակալությունն ակնկալում է, որ 2023-2025թթ. պարտքը կկայունանա ցածր մակարդակում՝ 47.6%-ի շուրջ:
Տնտեսության արտաքին դիրքը նույնպես բարելավվել է. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հավելուրդը 2022թ. կազմել է ՀՆԱ-ի 0.8%, 2021թ. 3.7% դեֆիցիտի համեմատ, որն էլ պայմանավորված է ապրանքների և ծառայությունների արտահանման բարձր պահանջարկով և դրամական փոխանցումներով:
Բացի այդ, կայուն արտաքին դիրքի շնորհիվ զուտ արտաքին պարտքը 2022թ. նվազել է հասնելով ՀՆԱ-ի 24.6%-ի 2021թ. 44.5%-ի համեմատ և ակնկալվում է, որ այն 2025թ. կհասնի ՀՆԱ-ի 16.1%-ի»,- նշված է գրառման մեջ։