Հայկավանում ոչ բոլորի ծորակներից է շուրջօրյա ջուր հոսում։ Նման հնարավորություն ունեն միայն տարողունակ բաք ունեցողները։ Աննան ջրի պակասից թեև չի նեղսրտում, բայց կուզեր՝ գոնե ձմռան համար նախատեսված հյութն ու կոմպոտը թարմ ջրով լինեին։ Արդեն գիտի՝ իրենց փողոցում երկար փոս են փորել, նոր խողովակաշար են անցկացնում։
Աննա Ղազարյան (Հայկավանի բնակիչ) - Նոր ջրագիծ կունենանք, նոր խողովակներից մաքուր ջուր կգա։ Հին ջրագիծը ցրտից պոկվում էր, ջուրը դուրս էր տալիս, երբեմն կեղտոտ ջուր էր գալիս։
Հայկավանցիներն առաջիկայում որակյալ ջուր կունենան. արդիականացվում է բնակավայրի ջրատարը: Շահագործումից հետո մոտ 300 տնտեսություն 24 ժամ մաքուր ջուր կունենա։ Համակարգը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով։ Պետության մասնակցությունը 60, համայնքինը 40 տոկոս է։ Հայկավանի վարչական ղեկավարը դժվարանում է թվարկել, թե ինչ շատ խնդիրներ էին առաջացնում դարն ապրած խողովակները՝ հատկապես ձմռան ամիսներին։
Ռուբեն Ղազարյան (Հայկավանի վարչական ղեկավար) - 70-ական թվերից ծառայել է, բայց հնացել էր, վթարներ էին լինում, կեղտաջրեր էին գնում, իսկական ժամանակին փոխվում է։
Մերուժան Գալստյան (աշխղեկ) - Բոլոր գծերը փոխում ենք, ջրաչափային հորեր ենք տեղադրում: Մեր տվյալներով՝ 100 տարի կձգի։
Ծրագրի պայմանագրային արժեքը ավելի քան 127 մլն դրամ է։ Կառուցվելու է 10 հազար գծամետր խողովակաշար։ Հայկավանում առաջին անգամ կհայտնվեն նաև ջրաչափեր։ Վարձավճարն էլ կգանձեն ոչ թե անձի հաշվարկով, ինչպես նախկինում էր, այլ սպառած ջրի ծավալով։ Մեծամորի ղեկավարը հույս ունի, որ այս սարքերի տեղադրումով վարձավճարից խուսափող բնակավայրեր այլևս չեն լինի։
Վահրամ Խաչատրյան (Մեծամոր համայնքի ղեկավար) - Մինչև հիմա բնակավայր կա վճարել է, բնակավայր կա՝ չի վճարել։
Աշխատանքի ընթացքը մարզի ղեկավարության խիստ հսկողության տակ է։ Հայկավանի շինարարությանը ծանոթանալուց հետո մարզպետն այցելել է Նոր Արտագերս, որտեղ նույնպես 10 հազար գծամետր խողովակաշար է կառուցվում։ Պայմանագրային արժեքը ավելի քան 75 մլն դրամ է՝ 60/40 համաֆինանսավորմամբ։ Հայկավանցիների պես Նոր Արտագերսի բնակիչներն էլ են խուսափում օգտվել մաշված խողովակաշարով հոսող ջրից․ ամեն օր սպասում են ջրաբեր շրջիկ մեքենաներին։
Արման Լաչինյան (Նոր Արտագերսի վարչական ղեկավար) - Ցիստեռնները Թալինի, Գառնիի ջուրն են բերում, եթե նորը լինի, մաքուր լինի, դրանից կօգտվեն։
Այս սուբվենցիոն ծրագիրն աննախադեպ է մարզի համար․ ներառում է միանգամից 18 բնակավայր, բոլորը՝ Մեծամոր համայնքում։
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Արժեքը ավելի քան 2,5 մլրդ դրամ է։ Վերցրել ենք այն բնակավայրերը, որտեղ ջրամատակարարման ցանց չունենք, կամ ունենք՝ անմխիթար վիճակում է, ամբողջությամբ նոր ցանց ենք անցկացնում։ Պլանավորել ենք մինչև տարեվերջ ավարտել կամ մի քանիսը թողնենք հաջորդ տարվան։
Արդիականացումից հետո ջրի սպասարկումն ու շահագործումը կանցնի վարչական կենտրոնների տնօրինությանը։