Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ արձագանք տալ Տագանրոգի և Մոսկվայի շրջանի վրա հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ հարվածներն ակնհայտորեն ռազմական նշանակություն չեն ունեցել: «Մոսկվան կոչ է անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ուկրաինայի իշխանության ահաբեկչական մեթոդները»,- նշել է պաշտոնյան։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռոստովի շրջանի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքը: Գերատեսչության տվյալով՝ հրթիռը խոցվել է, սակայն բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում, ինչի հետևանքով կան ավերածություններ և տուժածներ:
Կիևն արձագանքել է Մոսկվայի մեղադրանքներին: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը նշել է, որ Տագանրոգում տեղի ունեցածը Ռուսաստանի սկսած լայնածավալ պատերազմի, Դաշնությունում կառավարման համակարգերի անվերահսկելի փլուզման և, նրա խոսքով, Պուտինի էլիտայի անպատասխանատվության ու ապաշնորհության հետևանքն է։ Պոդոլյակը կոչ է արել հետաքննություն սկսել՝ պարզելու պայթյունի պատճառները: