ՀԱՍԱՆՈՎԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել՝ ապահովելու օդանավերի անվտանգությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ճնշում են թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով թռիչքների անվտանգության համար լուրջ սպառնալիք է ստեղծվում:
ԼՂ Պաշտպանության բանակը բացարձակ կեղծիք է որակել այդ հայտարարությունները:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐ
Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր, նաև եղել Դոնեցկի շրջանի մի շարք այլ բնակավայրերում։ Տելեգրամյան ալիքում Ուկրաինայի նախագահը գրել է, որ զեկույցներ է լսել մարտի դաշտում զարգացումների մասին և շնորհավորել զինվորներին մասնագիտական տոնի առթիվ:
Այժմ Բախմուտն ամենաթեժ կետերից մեկն է: Կողմերը պարբերաբար հայտարարում են այդ ուղղությամբ մարտական ակտիվ գործողությունների մասին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալով՝ երկրի զինված ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում Բախմուտից հարավ, իսկ քաղաքի հյուսիսում և Լիմանում ռուսական հարձակումները հաջողվում է հետ մղել:
Ռուսական կողմի տվյալով էլ՝ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կայուն է:
«ՎԱԳՆԵՐԻ» ՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Բելառուս տեղափոխված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ավելի քան 100 մարտիկ տեղակայվում է Լեհաստանի և Լիտվայի սահմանին՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետը: Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ դա իր երկրի նկատմամբ նոր հիբրիդային հարձակման և Լեհաստանում ու Եվրամիության տարածքում լարվածություն առաջացնելու փորձ է:
Պաշտոնյան նաև քննադատել է ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը՝ Ռուսաստանի նկատմամբ բավականաչափ կոշտ քաղաքականություն չվարելու համար։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, Բելառուսի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են անցկացվում:
Գերատեսչությունը զգուշացրել էր, որ լեհական կողմը որոշել է ի պատասախան լրացուցիչ զորքեր տեղակայել Բելառուսի հետ սահմանին:
ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԶՈՀԵՐ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Բանգլադեշում արդեն 2 օր է՝ զանգավածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել, հաղորդվում է զոհերի մասին: ԶԼՄ-ները հայտնում են, որ մայրաքաղաք Դաքքայում 20-ից ավելի ոստիկան է տուժել, կան տասնյակ ձերբակալվածներ:
Ազգայնական կուսակցության կողմնակիցները վերջին շաբաթներին ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը, որը կառավարում է 2009 թվականից և որին ընդդիմությունը մեղադրում է ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար։ 2024 թվականին երկրում խորհրդարանական ընտրություններ են նշանակված, ընդդիմությունը պահանջում է դրանք անցկացնել անցումային կառավարության օրոք՝ պնդելով, որ միայն այդպես հնարավոր կլինի արդար ընտրություններ ապահովել:
Իշխող «Ավամի լիգան» պատասխան ցույցեր է անցկացնում՝ աջակցություն հայտնելով գործող վարչապետին: