ՌԴ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԿԻԵՎԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ արձագանք տալ Տագանրոգի և Մոսկվայի շրջանի վրա հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ այդ հարվածներն ակնհայտորեն ռազմական նշանակություն չեն ունեցել: «Մոսկվան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ուկրաինայի իշխանության ահաբեկչական մեթոդները»,- նշել է պաշտոնյան։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռոստովի շրջանի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքը: Գերատեսչության տվյալով՝ հրթիռը խոցվել է, սակայն բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում, ինչի հետևանքով կան ավերածություններ և տուժածներ:
Կիևն արձագանքել է Մոսկվայի մեղադրանքներին: «Տագանրոգում տեղի ունեցածը Ռուսաստանի սկսած լայնածավալ պատերազմի, Դաշնությունում կառավարման համակարգերի անվերահսկելի փլուզման և Պուտինի էլիտայի անպատասխանատվության ու ապաշնորհության հետևանքն է»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Նա կոչ է արել հետաքննություն սկսել՝ պարզելու պայթյունի պատճառները:
ԴՆԵՊՐՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՈՏԱՑԵԼ
Հուլիսի 28-ի երեկոյան Դնեպրում պայթյուններ են որոտացել։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածների պատճառով մի քանի բնակելի տուն է վնասվել, բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ:
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ռուսական կողմը թիրախավորել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։ Նա խոստացել է անել հնարավորը, որ Ռուսաստանը պատժվի ուկրաինացիների դեմ իրականացված ահաբեկչության համար։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են լսվել նաև Զապորոժիե քաղաքում:
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Անկարայում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին:
Ռեջեփ Էրդողանը կարևորել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական և առևտրային գործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահը հորդորել է համապատասխան կառույցներին համատեղ աշխատել՝ վերացնելու առևտրի զարգացման խոչընդոտները:
Էրդողանը նաև կոչ է արել ջանքեր գործադրել ահաբեկչության և իսլամաֆոբիայի դեմ պայքարում:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 340 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ԻՑ ԹԱՅՎԱՆԻՆ
Վաշինգտոնն ավելի քան 340 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի Թայվանին՝ հայտնել է Սպիտակ տունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, նշում են, որ աջակցությունը կհատկացվի ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից: Փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հրթիռներ, հետախուզական սարքավորումներ։ ABC News-ի տվյալով՝ Բայդենի վարչակազմն առաջին անգամ է որոշել Թայբեյին ռազմական օգնության մեծ փաթեթ ուղարկել Պենտագոնի ռեզերվներից։
ԶԼՄ-ները գրում են, որ այս փաթեթն ԱՄՆ-ի հանձնառության մի մասն է՝ զարգացնելու Թայվանի պաշտպանական կարողությունները և կանխելու կղզու վրա Չինաստանի հնարավոր հարձակումը:
Պեկինը բազմիցս հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-Թայվան գործակցությանը՝ նշելով, որ դա հակասում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և խանգարում Չինաստանի խաղաղ վերամիավորմանը: Վաշինգտոնը, սակայն, վստահեցնում է՝ Թայբեյի հետ շփումներն ուղղված չեն Պեկինի դեմ: