Երևանի շենքերի բակերում, հանրային զբոսայգիների տարածքներում ու փողոցներում պարբերաբար կարելի է տեսնել լցված դիտահորեր, փողոցով հոսող կոյաջրեր: Հասցեները տարբեր են՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր: Երբեմն շենքերի բակերում այնքան շատ են կոյաջրերը, որ շենքից դուրս գալն անգամ դառնում է անհնար:
Արայիկ Թորոսյան (Անդրանիկի 19 շենքի բնակիչ) - Ես ստեղ եմ մի ամիս ապրում, տենց, էտ օրվանից ջուրը մի օր կա, մի օր չկա: Դե, բարի մարդիկ մի քանի հատ քար էին դրել, տենց քարերով անցնելով մտնում էինք:
Բնակիչները օրեր շարունակ ահազանգել են պատկան մարմիններին: Նկարահանման պահին տեղում «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցներին հանդիպեցինք, ըստ նրանց՝ պատճառը խողովակների մաշվածությունն է, այժմ քանդում եին, ասացին՝ պետք է փոխեն:
Մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը 1626 կմ երկարություն ունի: Այն պետական սեփականություն է: 15 տարի վարձակալությամբ՝ 2016-ից, տրված է «Վեոլիա Ջուր» մասնավոր ընկերության շահագործմանը:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Որպես ծառայություն մատուցող՝ պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է, որովհետև նա է ստանձնել պարտավորություն սպասարկելու, պահպանելու, շահագործելու կոյուղատար համակարգը:
Առաջացող վթարները վերացնելու ժամկետը եռօրյա է, սակայն, ըստ «Վեոլիա Ջուր»-ի ներկայացուցչի՝ ահազանգերն այնքան շատ են, որ չեն հասցնում բոլոր կետեր հասնել ճիշտ ժամանակին: Վթարների առատությունը նաև քաղաքապետարանն է հաստատում:
Կամո Արեյան - 300-400 վթար է գրանցվում շաբաթական, 250 երբեմն «Վեոլիա Ջուր» ընկերության ցանցում, որի 80 տոկոսը, երբեմն՝ շատ հազվադեպ՝ 50-60 տոկոսը կոյատար համակարգն է:
Փողոցներ ու շենքերի բակեր կոյաջրերի արտահոսքի պատճառը, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով, խողովակների քայքայված ցանցից բացի նաև արտանետված թափոններն են:
Վեոլիա ջուրը և Երևանի քաղաքապետարանը պարզել են, որ 83 հասցեում՝ գրեթե 13 հազար բաժանորդ չունի կոյուղի: Խոսքը մոտ 90 կմ կոյուղու բացակայության մասին է: Ցանցի ամբողջական անցկացումը կպահանջի մոտ 9-10 միլիարդ դրամ: Անրհրաժեշտություն է նաև քայքայված խողովակների փոխարինումը:
Կամո Արեյան - Մենք գույքագրել ենք «Վեոլիայի» հետ 343 հասցե այս պահի դրությամբ՝ 70 կմ երկարությամբ, որի պահանջվող հաշվարկային գումարը կոշտ հաշվարկով 7 միլիարդ է:
Խնդրի լուծման համար կազմվել է Երևան քաղաքի կոյատար համակարգի վերակառուցման, թարմացման և արդիականացման ծրագիր: Ընդանուր արժեքը մոտ 17 միլիարդ դրամ է:
Կամո Արեյան - Այս ամենը կարող է իրականացվել ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին: Դրանք կլինեն դրամաշնորհ, վարկային ռեսուրսներ, այնուամենայնիվ, պետական աջակցությունը պետք է, որովհետև գույքը պետությանն է:
Կոյատար համակարգի խողովակների փոխարինման աշխատանքներ այսօր էլ իրականացվում են: «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2023 թ. պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով նախատեսել է մի շարք փողոցների կոյագծերի վերակառուցում:
Գագիկ Այվազյան («Վեոլիա Ջուր» ընկերության շինարարական աշխատանքների համակարգման բաժնի պետ) - Այսօրվա դրությամբ մոտ 1200 մ արդեն վերակառուցված կոյուղագիծ ունենք, Էս ծրագրով 10 փողոցում իրականացվելու են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներ: Տարեվերջին մենք կունենանք մոտավորապես 3000 մ վերակառուցված կոյուղագծեր:
Կամո Արեյանի գնահատմամբ՝ կոյաջրերի արտահոսքն ամենամեծ վտանգն է բազմաբնակարան շենքերի համար: Այդ պատճառով խողովակների փոխարինման աշխատանքները առաջնային կարևորության են, ֆինանսավորման հարցում որևէ հստակություն, սակայն, դեռ չկա:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան