Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Գավառում ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Նա ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են: Պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Վարչապետը շրջել է քաղաքով, զրուցել գավառցիների հետ: Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետական բյուջեից, մյուս մասը՝ համայնքի: Վարչապետը ծանոթացել է նաև Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում:
Վարչապետը հետևել է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, ծրագրի նպատակով պետբյուջեից կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ:
Հաջորդ կանգառը Մարտունին է, որտեղ ավարտական փուլում է քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 79 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն՝ համալրված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Բուժկենտրոնի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ:
Հաջորդ կանգառը՝ Մարտունու Վաղաշեն գյուղն էր: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Վաղաշենի մանկապարտեզը հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 112 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, իսկ մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:
Վարչապետը Վաղաշենում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են նաև Զոլաքարում: Ծրագրի ընդհանուր արժեքը 276 մլն դրամ է:
Սուբվենցիոն ծրագրով միջոցների 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում հանդիպել է զոլաքարցիներին: Ծովինար բնակավայրում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հերոսների
հիշատակին, ողջունել նաև տեղի բնակիչներին: Արդեն Վարդենիսի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել և հարազատների հետ դիմավորել Հայրենիքին պարտքը կատարած զինվորին:
Վարչապետը մարզային այցի ընթացքում ծանոթացել է նաև ՊՆ մոդուլային զորամասի կառուցմանը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան