Վաշինգտոնը ավելի քան 340 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի Թայվանին՝ հայտնել է Սպիտակ տունը:
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, նշում են, որ աջակցությունը կհատկացվի ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից: Փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հրթիռներ, հետախուզական սարքավորումներ։ ABC News-ի տվյալով՝ Բայդենի վարչակազմն առաջին անգամ է որոշել Թայբեյին ռազմական օգնության մեծ փաթեթ ուղարկել Պենտագոնի ռեզերվներից։
ԶԼՄ-ները գրում են, որ այս փաթեթը ԱՄՆ-ի հանձնառության մի մասն է՝ զարգացնելու Թայվանի պաշտպանական կարողությունները և կանխելու կղզու վրա Չինաստանի հնարավոր հարձակումը:
Պեկինը բազմիցս հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-Թայվան գործակցությանը՝ նշելով, որ դա հակասում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և խանգարում Չինաստանի խաղաղ վերամիավորմանը: Վաշինգտոնը, սակայն, վստահեցնում է՝ Թայբեյի հետ շփումներն ուղղված չեն Պեկինի դեմ: