Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա տղամարդուն այսօր Ադրբեջանի կողմից
արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,- տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: