Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև դաշինքի ձևավորումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Արևմուտքի համար, գրում է բրիտանական Daily Express պարբերականը՝ հղում անելով վերլուծաբաններին:
Վերջինների կարծիքով՝ երեք երկրի միջև կապերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական քայլը թույլ կտա նրանց օգնել միմյանց ռազմական ներուժն ավելացնելու և տնտեսական զարգացումն արագացնելու հարցում, ինչը մտահոգություն է առաջացնում արևմտյան կառավարությունների մոտ:
Հուլիսի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է ամրապնդել Փհենյանի հետ «համակողմանի գործակցությունը»՝ երկու երկրի շահերին համապատասխան:
Ավելի վաղ՝ այդ ժամանակ դեռևս Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները գոյատևեցին միջազգային լուրջ փոփոխությունների պայմաններում և ավելի զարգացան: