ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին պնդումները քաղաքական շահարկումներ են:
Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը ոչ կառուցողական են որակել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը, ընդգծել ներքին հարցերը տարածաշրջանի երկրների ու դերակատարների մասնակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները նաև ընդգծել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տնտեսության ոլորտներում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրերի իրականացման կարևորությունը։ Բայրամովը և Աբդոլլահիանը գոհունակություն են հայտնել, որ Թեհրան-Բաքու շփումները մտել են կառուցողական հուն:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ ԲԱԽՄՈՒՏԻՑ ՀԱՐԱՎ. ՄԱԼՅԱՐ
Ուկրաինական ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում Բախմուտից հարավ, Կլեշչիևկայի, Կուրդյումովկայի, Անդրեևկայի ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են՝ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը: Աննա Մալյարի խոսքով՝ իրավիճակը բարդ է, քանի որ ռուսական կողմն ինտենսիվ կրակ է վարում: Պաշտոնյան հավելել է՝ Բախմուտի հյուսիսում և Լիմանում ռուսական հարձակումները հաջողվում է հետ մղել: Ուկրաինական կողմը նաև հայտնել է՝ երկրի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ստարոմայորսկոե գյուղը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ ռուսական ուժերը հետ են մղել ուկրաինական ուժերի գրոհները Դոնեցկում, ինչպես նաև ճշգրիտ հարվածներ հասցրել ուկրաինական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, զինված ուժերի տեղակայման և արևմտյան զինտեխնիկայի պահման վայրերին:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՕԴԵՍԱՅԻ ՇՐՋԱՆ
Ուկրաինայի նախագահը մեկնել է Օդեսայի շրջան, որն արդեն մի քանի օր է՝ ենթարկվում է հրթիռակոծության: Վոլոդիմիր Զելենսկին եղել է ավերված Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարում, նրան զեկուցել են՝ հնարավոր կլինի՞ արդյոք վերականգնել կոթողը և ի՞նչ ժամկետներում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ արտասահմանյան գործընկերները պատրաստակամություն են հայտնել՝ միանալու տաճարի վերականգնման աշխատանքներին։
Նախագահը նաև տեսակցել է վիրավոր ուկրաինացի զինծառայողներին: Նա պետական պարգևներ է հանձնել զինվորականներին և քաղաքացիական բուժաշխատողներին։ Օդեսա այցի շրջանակում Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հակաօդային պաշտպանության համակարգեր է փնտրում՝ Օդեսան ու երկրի ողջ հարավը պաշտպանելու համար։
ՊԱՅԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Հունաստանի ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. այն գտնվել է Նեա Անկիալոս ավանում, պայթյունի հավանական պատճառն անտառային հրդեհն է: Ըստ ԶԼՄ-ների՝ հրդեհը հաջողվել է մարել: Այդ շրջանում տեղակայված են զինամթերքի մի քանի պահեստներ, իշխանությունները հայտնել են, որ այժմ տարածքի շուրջ «կարմիր ոչ երթևեկելի գոտի» է ստեղծվում։ Նեա Անկիալոսի մի շարք բնակիչներ տարհանվել են:
Մինչ այդ ԶԼՄ-ները հայտնում են, որ Հունաստանում ջերմաստիճանը գերազանցել է 40-ը, հաղորդվում է տուժածների և զոհերի մասին: Եվրոպական մի շարք երկրներում հրդեհների հետ կապված իրավիճակը բարդանում է նաև ուժեղ քամիների հետևանքով: