ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԵՆ ՏԱԳԱՆՐՈԳԸ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռոստովի շրջանի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքը: Գերատեսչության տվյալով՝ հրթիռը խոցվել է, սակայն բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում:
«Կիևի իրականացրած ահաբեկչության հետևանքով վնասվել են շենքեր, կան տուժածներ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռոստովի շրջանի նահանգապետն էլ հայտնել է, որ Տագանրոգի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է 10-ից ավելի մարդ: Նրա խոսքով՝ վնասվել է նաև արվեստի թանգարանը։ Ավելի ուշ նահանգապետը տեղեկացրել է, որ Ռոստովի շրջանում ևս մեկ հրթիռ է խոցվել:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ. ՊՈՒՏԻՆ
Արևմուտքը հրաժարվում է խոսել Ռուսաստանի հետ՝ անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահը օրենսդրական մակարդակով արգելել է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նիստում։
«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բայց նրանք հրաժարվում են դրանից: Իսկ այս հակամարտության պատճառներից է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը»,- հերթական անգամ կրկնել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը հավելել է՝ Մոսկվան բաց է բանակցությունների համար, սակայն ոչինչ պարտադրել չի կարող:
ՌԴ-ՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ
Ռուսաստանի դաշնային խորհուրդը հավանություն է տվել երկրում ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 27-ից 30 դարձնելու մասին օրինագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 159 սենատոր, 1-ը ձեռնպահ է մնացել։
Այսպիսով՝ փոփոխության համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից 30 տարեկան տղամարդիկ։
ԿԱՏԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԿԻԵՎ
Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին չհայտարարված այցով մեկնել է Կիև: Նրան ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Կողմերը քննարկել են Ուկրաինայում զարգացումները, աշխարհում պարենային անվտանգության ապահովման և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հնարավոր տարբերակները: Անդրադարձ է եղել նաև պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման գործընթացին Կատարի հնարավոր ներգրավվածությանը:
Կատարի վարչապետին ընդունել է նաև Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիհալը, հանդիպումից հետո նա տեղեկացրել է, որ Դոհան 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Կիևին: Բոլոր միջոցները կուղղվեն առողջապահական, կրթական, ականազերծման և սոցիալական ու հումանիտար այլ ծրագրերի իրականացմանը։
Հունիսին Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին մեկնել էր Մոսկվա, հանդիպել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ, նշել, որ Դոհան մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ գործակցությունը էներգետիկայի և պարենային անվտանգության ոլորտում։
ՉԺՀ-Ն ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Չինաստանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության հաստատման մասին։
«Սա նոր փուլ է մեր երկկողմ հարաբերություններում: Չինաստանը և Վրաստանը պետք է միասին աշխատեն՝ նպաստելու տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը», - նշել է Չինաստանի նախագահը։
Նա հավելել է՝ վերջին 30 տարվա ընթացքում երկրներն ամրապնդել են քաղաքական փոխվստահությունը։
Ղարիբաշվիլին էլ շեշտել է, որ Թբիլիսին բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը, հավելել՝ վրացական կողմը վճռականորեն հանդես է գալիս «Մեկ Չինաստանի» սկզբունքի օգտին։
Նա գոհունակություն է հայտնել, որ առաջիկայում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն՝ խորացնելու երկկողմ կապերը: