Գավառում վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Զեկուցվել է, որ 2018-22 թթ. սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից 14 մլրդ 844 մլն դրամը՝ Կառավարության համաֆինանսավորում, 10 մլրդ 462 մլն դրամը՝ համայնքային, իսկ 59,7 մլն դրամը՝ մասնավոր: Ընդ որում, եթե 2018 թ. սուբվենցիոն ծրագրերի արժեքը եղել է 1 մլրդ դրամ, ապա 2022 թ. այդ գումարը հասել է 9,7 մլրդ-ի: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են ասֆալտապատման, լուսավորության անցկացման, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգման, փողոցների սպասարկման, գազիֆիկացման, մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման, զբոսայգիների բարեկարգման ոլորտներում:
2023 թ․ ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել են 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը 11. 2 մլրդ դրամ է, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքինը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորինը՝ 88,9 մլն դրամ:
2018-2022 թթ․Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ:
2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ մարզում կա 81431 հա գյուղնշանակության հող, որից 2022 թ․ մշակվել է 37749 հա-ն: Արդյունքում արտադրվել է 170.974 տ համախառն բերք: 2022 թ․իրականացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10.555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ: Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:
Կրթության ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացվել է, որ մարզում կա 116 դպրոց՝ 27.551 աշակերտով: Դպրոցներից 32-ը անբավարար վիճակում են:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ):
Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում անցել են 1582-ը, կամավոր ատեստավորում՝ 80-ը: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է` գերազանցելով 400 հազար դրամը:
Մարզում ներկայում Քաղաքաշինության կոմիտեն կառուցում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ, ևս երկու դպրոց կառուցում է ՏԿԵՆ-ը: Մինչ 2025 թվականը նախատեսվում է կառուցել 26 դպրոց:
Կառավարության ղեկավարին տեղեկացրել են նաև, որ Գեղարքունիքում գործում է 52 մանկապարտեզ՝ 3732 սանով և 53 նախակրթարան` 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի ևս 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: Նախատեսվում է նաև մինչև 2026 թ. 22 մանկապարտեզում իրականացնել շինարարական աշխատանքներ:
Առողջապահության ոլորտի վիճակի ու կատարված աշխատանքների մասին զեկուցվել է, որ վերակառուցվել են Մարտունու բժշկական կենտրոնը, Մարտունու ծննդատունը, Ճամբարակի առողջության կենտրոնը, Գավառի և Սևանի բժշկական կենտրոնները լավ վիճակում են, իսկ Վարդենիսի ԲԿ-ն՝ վատ վիճակում: Պատասխանատուները նշել են, որ 2022 թ., 2021-ի համեմատ, պետական պատվերը աճել է 2,7 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 19,1 տոկոսով: Առողջապահական հիմնարկների պլանավորված բյուջեն եղել է 3,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 4,5 մլրդ դրամ, այսինքն՝ գրանցվել է 13 տոկոս աճ: Առողջապահական հիմնարկներում սեփական և պետական միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել գույք և սարքավորումներ:
Այնուհետև վարչապետին ներկայացվել են տեղական ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխությունները: Նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը եղել է 1141, այժմ 5 համայնքի պարագայում աշխատում է 735 մարդ: Նշվել է, որ 5 համայնքներում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, որոնք սպասարկում են քաղաքաշինության, հողաշինության ու հողօգտագործման, իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հարկային և տեղեկատվական ոլորտները:
2022 թ. Գեղարքունիքի մարզում անցկացվել են մի շարք սպորտային միջոցառումներ. «ՀՀ վարչապետի գավաթը», սիրողական լող, դպրոցական թիմային խճուղավազք, խճուղավազք, սիրողական սեղանի թենիս: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» շախմատի և վոլեյբոլի առաջնությունը:
Վարչապետը հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ: «Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, կոչ արել կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան