Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի առանձին վարժություններում:
Օլիմպիական փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13,966 միավոր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մանուկյանն իր հերթին հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր: Այս վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը և հավաքելով 12,800 միավոր՝ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ 156,500 միավորով: Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես էին գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը: