Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով հուլիսի 27-ին անցկացվել է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգի ուժեղացում» խորագրով աշխատաժողով։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այն կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տվյալներ ազդեցության համար» (D4I) ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար։
Հանդիպման նպատակն էր զարգացնել աշխատակազմի՝ տվյալների հավաքագրման և օգտագործման կարողությունները, բացահայտել թրաֆիքինգի վտանգը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամրապնդել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի (C-TIP) ծրագրակազմի մշտադիտարկման գործընթացը։
Քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում տվյալների հավաքագրման եղանակների և գործիքակազմերի կիրառման վերաբերյալ։
Խմբային քննարկումների միջոցով բարձրաձայնվել են այս ոլորտում առկա բացերը, թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերը, արդյունավետ մեխանիզմների, կառուցակարգերի մշակումը, ինչպես նաև այդ ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները։
Որպես անկախ մարմին՝ կարևորվել է Պաշտպանի ինստիտուտի դերը՝ հատկապես ոլորտում մշտադիտարկում իրականացնելու, վիճակագրություն հավաքագրելու և դեպքերն արձանագրելու և բացահայտելու, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից։
Ամփոփելով հանդիպումը՝ նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու պայմանավորավծություն է ձեռք բերվել։