Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԼՂ իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով որ չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով: «Իմ մտքերն այն մարդկանց հետ են, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը:
Վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա»,- նշել է Պեյչինովիչ Բուրիչը:
«Նաև կոչ եմ անում երկու կողմին իրական երկխոսություն սկսել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այդ երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ՝ անդամակցելով Եվրոպայի խորհրդին»,- նշված է նրա հայտարարության մեջ: