ԼԱՉԻՆԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր, լրատվամիջոցների հարցերին ի պատասխան` նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանը հիշեցրել է՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը 2020 թ. նոյեմբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ երեք երկրների ղեկավարների ստորագրություններն են դրված։ Բացի այդ, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումներով վերահաստատվում են Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի, և որ այլ ճանապարհներին տարբեր անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արտգործնախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»: Հայաստանի գլխավոր դիվանագետը վերահաստատել է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։
Արարատ Միրզոյան - Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավվածության և գործուն մեխանիզմի միջոցով։
ԼՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՈՐԵՎԷ ԶՈՒԳԱՀԵՌ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑ Է. ՄԻՐԶՈՅԱՆ
Մոսկվայում օրեր առաջ կայացած արտգործնախարարների եռակողմ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Արտգործնախարարին հարց են ուղղել, թե ինչպե՞ս է Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։ Նախարար Միրզոյանը մանրամասնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է և որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում, ինչպես Ռուսաստանի արտգործնախարարն է ձևակերպել, Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների»՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և Հայաստանի կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:
Արարատ Միրզոյան - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչև այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։
Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչև օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:
Բացի այդ, արտգործնախարարի խոսքով՝ հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991 թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, իսկ մինչև այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները և նրանց բարձրաձայնած խնդիրները։