Երևանի մի շարք պոլիկլինիկաներում այսուհետ գործում է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Շուրջ վեց ամիս փորձարկումից հետ այժմ թերապևտի այցը օնլայն գրանցմամբ է, ինչը ըստ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի՝ ոչ միայն հերթերի նվազեցմանը կնպաստի, այլև կզսպի վարակների տարածումը: Երևանի բոլոր 15 պոլիկլինիկաները մինչև տարեվերջ կանցնեն էլեկտրոնային հերթագրման համակարգի:
Դավիթ Կարապետյան (Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար) - Ներկայումս 9 պոլիկլինիկայում գործում են, ևս 4-ը կգործեն մինչև սեպտեմբեր, 2-ն էլ՝ հիմնանորոգումից հետո՝ մինչև տարեվերջ: Հավելեմ նաև, որ անցնում ենք բժշկական ամբուլատոր քարտերի ու դեղատոմսերի դուրսգրման օնլայն տարբերակին:
Բուժառուները Արմեդ հավելվածի միջոցով գրանցվում, ընտրում են իրենց հարմար ժամն ու այցելում՝ խուսափելով հնարավոր հերթերից: Պոլիկլինիկա հասնելով՝ մատենավարման բաժնից վերցնում են արդեն պատրաստի կտրոնն ու գնում բժշկի մոտ:
Վաչե Բարսեղյան (բուժառու) - Ես օնլայն գրանցվել եմ, եկել եմ, առանց հերթի, իմ ժամանակին հետազոտվել եմ, մեկ օրում վերջացրել եմ, գնում եմ տուն:
Բժիշկների հավաստմամբ՝ իրենց աշխատանքն էլ է հեշտացել: Թերապևտ Կարինե Բախշյանն ասում է, որ համակարգի շնորհիվ կարողանում է հիվանդների ցուցակը տեսնել անգամ նախորդ օրը՝ տանը, ինչը հնարավորություն է տալիս լրացուցիչ պատրաստվելու, իրենց բուժառուներին ճանաչում են, խնդիրները գիտեն:
Կարինե Բախշյան (տեղամասային թերապևտ) - Երեկ երեկոյան որ նայել եմ, արդեն 11 հոգի կար գրանցված, եկել եմ աշխատանքի, կար ընդամենը մեկ տեղ, եկել եմ, մեկն էլ գրանցվել ա:
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում թերապևտը 12 բուժառուի ընդունելու հնարավորություն ունի՝ յուրաքանչյուրին հատկացված ժամաչափը 15 րոպե է: Համապատասխան խնդրի դեպքում էլ ուղղորդում են նեղ մասնագետի մոտ, որի հերթագրումը միայն բժիշկները կարող են անել, իսկ բուժառուն ծանուցվում է այցի օրվա և ժամի մասին:
Արամ Միրիրջանյան (Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար) - Հերթագրումը օնլայն տարբերակով, իրանք կարող են Արմեդ համակարգի միջոցով գրանցվել, մյուս տարբերակը, հասկանում ենք, որ բոլորը չեն տիրապետում, կարող են զանգի միջոցով զանգել մատենավարման բաժին, որտեղ իրենց հերթագրում են: Հաջորդ տարբերակը. եթե չեն զանգել, չեն մոտեցել, գալիս են տեղում նույն տարբերակով հերթագրվում են:
Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ լինում են նաև դեպքեր, երբ բուժառուն գալիս է բարձր ջերմությամբ, ճնշման խաթարմամբ կամ այլ խնդրով, այդ պարագայում նրան ընդունում են առանց հերթի, բայց հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը դրանից հիմնականում չի խաթարվում:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան