Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդային:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ նախօրեին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքված համագործակցության հուշագիրը լավ հիմք կհանդիսանա երկու երկրների համանուն կառույցների հետագա գործունեության, փորձի փոխանակման և հեռանկարային զարգացումների առումով:
Բառնո Սաիդվալիզոդան իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով կազմակերպված ընդունելության համար և նշել, որ ծանոթանալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքներին և իրականացված բարեփոխումներին, առանձնակի տպավորված է Ծառայությունում ներդրված թվայնացման գործընթացով, և միաժամանակ վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակման դեպքում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայությունը ևս ձեռնամուխ կլինի թվայնացման գործընթացի ներդրմանը:
Լևոն Բալյանը նշել է, որ ներկայումս՝ թվայնացման ոլորտում արդեն իսկ առկա են գրանցված հաջողություններ և առարկայական արդյունքներ:
Ամփոփելով հանդիպումը, նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցությանն աջակցելու գործընթացին և վստահություն հայտնել առ այն, որ նմանօրինակ համագործակցությունները շարունակական են լինելու: