Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն մի քանի օր է՝ անշարժ կանգնած են։
Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը։
Նրանք շրջել են տեղանքում, հեռվից իրականացրել սահմանի մշտադիտարկում։
Իրավիճակի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել արտաքին գործերի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալներն ու ՄԻՊ աշխատակազմը։
Աննա Կարապետյանը ներկայացրել է խնդրի շուրջ Պաշտպանի կողմից իրականացվող շարունակական փաստահավաք աշխատանքները։ Բացի այդ, ՄԻՊ ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհրաժեշտ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ։