ԱԳՆ տեղակալը կարծում է՝ միջազգային հանրության արձագանքը բավարար չէ հումանիտար բեռի մուտքը արգելելուն
Ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ հումանիտար բեռը շարունակում է կանգնած մնալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում:
«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա: Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին տեղում իրավիճակի զարգացման մասին և շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է: Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա:
Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց, կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա, և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»,- ասաց նա:
Հարցին՝ եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից՝ անձամբ դիմելու ադրբեջանական կողմին Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Կածում ենք, որ Ադրբեջանը պիտի իրականացնի իր պարտավորությունները, որոնք իրավաբանական պարտադիր ուժ են կրում, և նման նախաձեռնություն չի եղել»,- ասաց նա, ապա հավելեց. «Այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»:
Վահան Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ԱԳՆ-ի և ՀՀ Կառավարության հրավերով Սյունիքի մարզում են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: