Երևանից դեպի հումանիտար շարասյան հատված՝ Կոռնիձոր: Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն են՝ 2 օր առաջ Երևանում արձանագրեցին բեռնատարների ճանապարհ ընկնելը, այսօր արդեն Կոռնիձորում են արձանագրում՝ բեռը տեղ չի հասել: Նրանք Սյունիքում են արտգործնախարարության հրավերով։
Վահան Կոստանյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին և շարունակելու ենք աշխատել, որ Ադրբեջանը կյանքի կոչի միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, և այս համատեքստում կարևոր է հավելյալ ճնշումը միջազգային հանրության կողմից: Ոչ միայն հայտարարություններով, այլև քայլեր ձեռնարկի:
Դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցներն են նախատեսում գործի դնել, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդը հասնի մեր հայրենակիցներին՝ նշեց փոխարտգործնախարարը բեռնատարների շարասյան մոտ: Արդեն երրորդ օրն է՝ ինչ պաշարված ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ, 360 տոննա խիստ անհրաժեշտ պարենն ու դեղորայքը՝ ներսում:
Կյանքի իրավունք, կրթության իրավունք, առողջապահական օգնություն ստանալու իրավունք.... մարդու բոլոր իրավունքները ոտնահարվում են Ադրբեջանի կողմից: Այդ մասին փոխարտգործնախարարը հայտարարեց արդեն Գորիսում՝ դիվանագետների հետ հանդիպմանը:
Վահան Կոստանյան - Հույս ունենք, որ ինչ դուք տեսաք այստեղ, կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ, և մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, որ ժամ առաջ բացվի Լաչինի միջանցքը՝ շեշտեց Կոստանյանը: Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել
Նաև դժվար կլինի պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չմեկտեղի ջանքերը լուծելու ժամ առ ժամ ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ավելացրեց Կոստանյանը: Արդեն մոտ 8 ամիս է՝ Ադրբեջանն անտեսում է բոլոր կոչերը, արհամարհում անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիս 6-ի որոշումները:
Վահան Կոստանյան - Հետաքրքիրն այն է, որ դատարանի որոշում չկատարելը պայմանավորում էր նրանով, որ իբր Լաչինը բաց է: Որպես ապացույց ներկայացնում էր խաղաղապահների ու Կարմիր խաչի մեքենաների անցուդարձը, որոնք անցնում էին մինչև հունիսի 15-ը:
Հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ շրջափակված է, անգամ Կարմիր խաչին ադրբեջանցիները թույլ չեն տալիս հումանիտար բեռ, մանկական կեր, դեղորայք տեղափոխել: Գորիսում դիվանագետները նաև շրջափակման հետևանքով տնից, ընտանիքից, երեխաներից ամիսներով կտրված արցախահայերի հետ հանդիպեցին, լսեցին, մոտիկից ծանոթացան այն մարդկային ճակատագրերին, որոնք ձևափոխվել, ձևախեղվել են Լաչինի շրջափակման ու Ադրբեջանի քաղաքականության հետևանքով:
Ջոն Ալելո (ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար) - Չեմ կարող պատկերացնել այն դժվարին իրավիճակը, որում դուք եք:
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԻՍԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈԻՄ
Նոր նախաձեռնությունից զատ, Գորիսում դեռ 500 տոննա օգնություն կա, որը չի հաջողվել Լեռնային Ղարաբաղ ուղարկել: Վերջին անգամ այստեղից բեռ դուրս եկել է հունիսի 7-ին՝ ռուս խաղաղապահների մեքենաներով:
Արկադի Գասպարյան (ԼՂ կառավարության պահեստների պատասխանատու) - Անցած տարվա դեկտեմբերից, երբ բնապահպանական կեղծ պատրվակով ԼՂ-ը հայտնվեց շրջափակման մեջ, ԼՂ-ի կառավարության նախաձեռնությամբ Գորիսում սկսեցին պահեստավորել հումանիտար օգնություն, որն ուղարկում էին տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, սփյուռքի համայնքներ: Եթե մինչև շրջափակումը ամեն օր 400 տոննա բեռ էր տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ, 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած պատվերով բնապահպանական ակցիայից մինչև հունիսի 15-ի լիակատար շրջափակում Լեռնային Ղարաբաղ այս պահեստներից հնարավոր է եղել ուղարկել ընդամենը1296 տոննա:
500+360 տոննա հումանիտար օգնությունը դեռ իր նպատակին չի ծառայել՝ պահեստներում ու ճանապարհին է կանգնած-մնացած՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ապացույց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան