«Գիտուժ» հանրային նախաձեռնությունը դեմ չէ Ակադեմիական քաղաքին, բայց ունի մի շարք հարցադրումներ: Օրինակ՝ որտեղից է եկել մոտեցումը, թե գիտության խնդիրները կարելի է լուծել «Ակադեմիական քաղաքի» մասին մեկ նախագծի միջոցով: Ինչու է գիտությունը դառնում կրթությանը սպասարկող:
Լիլիթ Մարգարյան («Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող) - Ես երբ որ լսում եմ Ակադեմիական քաղաքի մասին ցանկացած կարգի քննարկում կամ կարդում եմ ցանկացած փաստաթուղթ, որը առկա է, էդտեղ խոսվում է միայն կրթության մասին:
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալը հակադարձում է՝ Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագծով ընդամենը լուծվում է ավելի հարմար ենթակառուցվածքներ ունենալու հարցը, այդ ծրագիրը բխում է ձեռնարկված բովանդակային բարեփոխումներից:
Արթուր Մովսիսյան (ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Խնդիր ունենք և կրթության, և գիտության բարեփոխումների, գիտություն, կրթություն մերձեցնելու: Այդ պրոցեսը ընթացքի մեջ է: Անկախ Ակադեմիական քաղաքից` այդ պրոցեսը ընթանում էր, ընթանալու էր: «Ակադեմիական քաղաք» նախագիծը, որ շրջանառության մեջ է դրվել, գալիս է` ասելու, որ այդ խոշորացված և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար մենք պետք է ստեղծենք ժամանակից ենթակառուցվածքներ:
Բուհական համակարգը նախընտրելու վերաբերյալ էլ Արթուր Մովսիսյանը նշում է՝ առաջինը չենք, շատ երկրներ են ընտրել այդ ճանապարհը և ունեն մրցունակ գիտություն:
Արթուր Մովսիսյան - Կան երկրներ նաև, որոնք որ պահպանել են կամ ուրիշ համակարգով են աշխատում, որոնք նույնպես կարողանում են մրցունակ գիտություն ունենալ, նաև կրթություն: Էստեղ հարցն այն է, թե մենք ինչ ռեսուրս ունենք, և էդ ռեսուրսը կոնսոլիդացնելու, բազմապատկելու ինչ պայմաններ ունենք:
Գիտնականները չեն սիրում չքննարկված, չհիմնավորված, պարտադրված որոշումներ, ընդգծում է «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը:
Լիլիթ Մարգարյան - Այս նախագիծը վերևից ներքև այնպիսի պարտադրանքով, տարօրինակ գործիքակազմերով է հագցվում գիտական էկոհամակարգի վրա, որ ուղղակի ապշում ես: Գիտնականների հետ խոսում ես, ուղղակի շվարած նայում են դեմքիդ, ասում են` մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ, մեզ հետ ոչ ոք չի խոսում:
Արթուր Մովսիսյան - Այս հայեցակարգը պետք է հրապարակվեր սեպտեմբերին, որ` ժողովուրդ, էս է պետության պատկերացումը՝ ոնց ենք ուզում, իջեցնում ենք մասնագիտական, փորձագիտական քննարկումների, որպեսզի կարողանանք սա հղկել, փոփոխել, որպեսզի մենք կարողանանք ունենալ` մեր երազանքը նկարագրող ինչ ենթակուցվածքներ ենք ուզում, ինչու ենք այս մեկը ուզում, ոչ թե մյուսը: Չէ որ դրանք հենց գիտնականներից պետք է գան:
«Ակտիվ քննարկումների փուլը հայտարարված է»,- ասաց Արթուր Մովսիսյանը:
Ընդգծեց՝ հայեցակարգի նախագիծը դեռ ընդունված որոշում չէ: Ընդամենը կաղապարն է ընդհանուր պատկերացումների, որոնք պետք է քննարկվեն շատ ու տարբեր ձևաչափերով՝ ծրագրի բոլոր ռիսկերը մեղմացնելու համար: Ընդ որում, արդեն հրապարակված հայեցակարգի ցանկացած կետ, ըստ նրա, կարող է փոփոխվել, եթե հիմնավորվի դրա անհրաժեշտությունը:
Հեղինակ` Աննա Զախարյան