Նախարար Վահան Քերոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Ռաֆայել Գևորգյանը։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը, Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ոլորտում հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի մշակմանը։
Նախարարը նաև համառոտ ներկայացրել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղական ընկերությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով տրամադրվող պետական աջակցության գործիքակազմը։