Սեպտեմբերից կմեկնարկի հավելավճարի նոր համակարգը բոլոր բոլոր դպրոցների ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա, և նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի»,- ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ գյուղական փոքր դպրոցների համար Կառավարությունն ունի ևս մեկ հավելավճարի ծրագիր: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ եթե գյուղական փոքր դպրոցում դասավանդող ուսուցչի զբաղվածությունը 1 դրույքից պակաս է, ապա նա ստանում է հավելավճար, որ մեկ դրույքը լրանա: «Սա կամավոր ատեստավորման հետ կապ չունի: Հույս ունենք, որ ուսուցիչների պակասն այս ուղղությամբ սա կօգնի լրացնել»:
Նախարարը նշեց, որ եթե այդ նույն ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում, բնականաբար, նրա դրույքը դառնում է 200 հազար դրամ, և բոլոր գործակիցները հաշվարկվում են 200 հազար դրամի նկատմամբ: