Սա սադրանք չէ, սա սովամահությունից մարդկանց փրկելու փորձ է: Այդ մասին ասաց Կոռնիձորի սահմանային հատվածում գտնվող Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հումանիտար բեռը ԼՂ ուղարկելու վերաբերյալ ադրբեջանական արձագանքին, թե, իբր, դա սադրանք է:
«Այսինքն՝ ըստ իրենց՝ մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրանք չէ, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, կապը, արտաքին աշխարհի հետ կտրելը սադրանք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է»,- նկատեց Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև տեղեկացրեց, որ նախաձեռնության մեկնարկից առաջ, երբ արդեն հումանիտար բեռը պետք է դուրս գար Երևանից, հայկական կողմն իր «ունեցած ալիքներով» դիմել է ՌԴ խաղաղապահ զորախմբին, որոնք էլ իրազեկել են, որ նման հնարավորություն կա՝ այդ բեռը փոխանցելու: ՌԴ խաղաղապահներն էլ արագ տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, վերջիններս արագ արձագանքել էին՝ այն որակելով սադրանք: Մարուքյանը, սակայն, կարծում է, որ հայկական կողմը «ոչ մի տեղ չի թողել», որ սա որակվի սադրանք:
«Օրինակ՝ եթե մենք փորձեինք այս բեռները հասցնել կամրջին, ասեինք՝ այս կամրջով հիմա պետք է անցնենք մենք, կարող էին փորձել ձևակերպել, որ «այ, դուք սադրում եք, զորքը կանգնած՝ դուք եկել եք...»: Բայց տեսեք՝ ոչ մի հնարավորություն չկա սա սադրանք որակելու:
Միջազգային հանրության ներկայացուցիչներն այստեղ են (խոսքը ԵՄ դիտորդական առաքելության մասին է), բոլոր դիվանագետներն իրազեկված են, բոլոր մայրաքաղաքները տեղեկացված են, հետևաբար սադրանքը, կրկնում եմ, ցեղասպանության վտանգի առաջ մարդկանց կանգնեցնելն է, սադրանքը էթնիկ զտումն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է՝ ձեր խաղն ավարտված է. դա է սադրանքը»,- ասաց նա: