Դպրոցական գույքի ստանդարտների հետ կապված խնդիրներ կան: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր վերջին այցելությունից:
«Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չի նշանակում իրենց ոսկեղենիկ իրագործում տեղերում: Մենք պետք է անընդհատ, անընդհատ բոլորս գնանք,- բոլոր նախարարություններին է վերաբերում, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին,- գնանք, անձամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ աթոռների կամ գույքի ստանդարտները գոհացուցիչ չեն, և որ չպետք է համակերպվել այդ հանգամանքի հետ:
«Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ լա՛վ, դե եկեք տեսնենք՝ ոնց ենք այս հարցը լուծում, պիտի գնանք, մենք մեր ձեռքով դպրոցը քանդենք մինչև հիմքերը և կառուցենք նորը»,- ասաց նա, ապա խոստովանեց. «Չեմ ուզում թաքցնել՝ շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից»:
Փաշինյանը նաև զգուշացրեց. «Եթե որևէ մեկն այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է շատ կոպիտ: Ուզում եմ, որ այս պայմանը բոլորս մեր աչքի առաջ ունենանք»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գույքի մասով ընթացիկ վերահսկողության բարելավման կարիք կա, իսկ ինչ վերաբերում է Դեղձուտի դպրոցում հայտնաբերված խնդիրներին, ապա այդ մասով խոստացավ վարչապետին առանձին տեղեկացնել՝ ինչ գործընթաց է ընթանում:
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր Դեղձուտ հայանքում կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին, որի շրջանակում թերություններ են բացահայտվել, արդյունքը գոհացուցիչ չի եղել: