Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա՝ մասնակցելու «1950-1953 թվականների պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին»:
ՌԴ ՊՆ տվյալով՝ նախարարը Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավար Կան Սուն Նամի հետ: Շոյգուի խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի համար բարեկամ պետություն է, որի հետ Մոսկվան մտադիր է հետևողականորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով:
Շոյգուն հանդիպել է նաև ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, մտքեր փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն ընդգծել է, որ քննարկված հարցերի վերաբերյալ երկու կողմերի գնահատականները համընկել են:
Գործակալության փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընն ու Շոյգուն նաև այցելել են Փհենյանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդես։ «Սերգեյ Շոյգուի հետ զրույցի ընթացքում Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ ռուսական բանակը և ժողովուրդը մեծ հաջողությունների կհասնեն ուժեղ պետություն կառուցելու պայքարում»,- նշել է լրատվամիջոցը։