ՆԻԳԵՐՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ, ՓԱԿՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՄԱԿ-ը կապ չի հաստատել զինվորականների հետ, որոնք հայտարարել են Նիգերի նախագահին իշխանությունից հեռացնելու մասին։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ աջակցություն հայտնելով ճգնաժամի կարգավորմանն ուղղված Նիգերիայի նախաձեռնությանը: Նա նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել պատանդառված նախագահ Մոհամեդ Բազումին: Երեկ Բազումին պատանդառած զինվորականներն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ երկրի ղեկավարը հեռացվել է իշխանությունից: Նրանք երկրում Նիգերում պարետային ժամ են հայտարարել, ժամանակավորապես փակել են սահմանները:
Նախագահի հեռացման մասին լուրը տարածվելուց հետո երկրի ազգային ժողովի մոտ են հավաքվել Մոհամեդ Բազումի աջակիցները՝ պահանջելով ազատ արձակել նրան:
Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան: Ժամեր անց մայրաքաղաք Նիամեյի տարբեր հատվածներում անկարգություններ են կազմակերպել ռազմական հեղաշրջման աջակիցները:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի նախագահին: Աֆրիկյան միությունը զինվորականների գործողությունները որակել է «դավաճանություն»:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիան մտադիր է շարունակել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները և այդ ուղղությամբ քայլերն է ակնկալում նաև ԵՄ-ից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Զալցբուրգում ընթացող գործարար համաժողովի շրջանակում։
«Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, եվրաինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորությունն է, որն այդքան արդիական է դարձել։ Մենք Եվրամիությունը դիտարկում ենք որպես փոփոխության ոգեշնչման աղբյուր»,- ասել է թուրք նախարարը։
Որպես ԵՄ-ին հնարավոր անդամակցության համար անհրաժեշտ առաջին քայլ Շիմշեքը նշել է թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների ներառումը համայնքի մաքսային միության համակարգում:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է 8-ՐԴ ԱՆԳԱՄ
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգել է ևս 90 օրով՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Ռազմական դրության երկարաձգման պատճառով Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները կհետաձգվեն: Սա Ուկրաինայում ռազմական դրության արդեն 8-րդ երկարաձգումն է։ Այն սահմանվել է 2022 թվականի փետրվարի 24-ից, իսկ հաջորդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։
ԱՖՐԻԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՍՆՈՒՆԴ ԱՐՏԱՀԱՆՈՂ. ՊՈՒՏԻՆ
Հացահատիկի գործարքը պարունակում էր համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման ոչ իրավաչափ սահմանափակումները վերացնելու պարտավորություններ, բայց Ռուսաստանի պայմաններից ոչ մեկը չի կատարվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստի ելույթում։
«Տարօրինակ պատկեր է ստեղծվում. Արևմուտքի երկրները մի կողմից խոչընդոտում են մեր հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը, իսկ մյուս կողմից երեսպաշտորեն մեղադրում են մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար»,- ասել է Պուտինը:
Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու աֆրիկյան երկրներին գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հարցում։ ՌԴ նախագահի խոսքով՝ ապագայում Աֆրիկան կարող է ոչ միայն կերակրել իրեն, այլև դառնալ սնունդ արտահանող, և Ռուսաստանը կաջակցի այդ հարցում:
«Պատրաստ ենք ընդլայնել Աֆրիկայում աշխատող ռուսական առևտրային ներկայացուցչությունների ցանցը, ավելացնել տնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, կրթության, գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով դաշնակիցների քանակը»,- հավելել է Պուտինը: