ՄԻՆՉԵՎ 2026-Ը ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Աջակցություն կտրվի Կապանում կրթահամալիրների կառուցմանը, կահավորմանն ու լաբորատորիաների ստեղծմանը: Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրի ստորագրմանը: Ընդհանուր 32 մլն եվրոյից 29.3 միլիոնը կտրվի որպես բյուջետային, 2.7 միլիոնը՝ լրացուցիչ տեխնիկական աջակցություն:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Նաև այս դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման և լաբորատոր սարքերի օգտագործման ուղղություններով, նաև հատուկ վերապատրաստումներ կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ, որը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակներում է:
Ծրագրի շահառու կլինի մոտ 337 դպրոց: Նախարարի խոսքով՝ բոլոր 107 ավագ դպրոցներն ունեն լաբորատորիաներ, և արդյունքները, ըստ Անդրեասյանի, ցույց են տալիս, որ դրանք փոխում են բնագիտական առարկաների ուսուցման որակը:
Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ էլ այս տարի լաբորատորիաներ կունենան Արմավիրի, հաջորդ տարի՝ Արագածոտնի մարզի բոլոր դպրոցները: Երևանն ու մյուս մարզերի դպրոցները լաբորատորիաներով կապահովվեն միջնաժամկետ ծախսային ծրագրով: Մինչև 2026-ը բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական լաբորատորիաներ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր դպրոցներում, օրինակ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցում նույն ստանդարտի լաբորատորիանե՞ր են, ինչ որ, ասենք, Բելգիայի, Բրյուսելի որևէ դպրոցում:
Ժաննա Անդրեասյան - Ստանդարտը, որը դրված է, բավականին բարձրորակ ստանդարտ է: Ես կարծում եմ՝ որևէ բանով չի զիջում եվրոպական երկրներում դպրոցներում առկա լաբորատորիաներին: Ինքս, լինելով նաև և տեսնելով նման լաբորատորիաներ արտերկրի դպրոցներում, կարող եմ ասել, որ այո:
Նախարարի խոսքով՝ նոր չափորոշիչների տրամաբանությամբ այս տարի Տավուշում բնագիտական առարկաների քննությունները կփոխվեն այնպես, որ լաբորատորիաների գործածությունը լինի պարտադիր:
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Անդրեասյանն ընդգծեց նաև՝ սեպտեմբերից կմեկնարկի հավելավճարի նոր համակարգը ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչների համար: Յուրաքանչյուր ժամի համար նրանք կվարձատրվեն լրացուցիչ գործակցով:
Ժաննա Անդրեասյան - Գյուղական փոքր դպրոցների համար ունեինք ևս մեկ հավելավճարի ծրագիր: Եթե, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ է, որը դասավանդում է գյուղական փոքր դպրոցում, ապա նա 2 ծրագրով էլ վարձատրություն կստանա:
Նիկոլ Փաշինյան - Երկրորդն այն է, որ 1 չափից ցածր չի կարող լինել:
Ժաննա Անդրեասյան - Դասավանդող ուսուցչի զբաղվածությունը 1 դրույքից պակաս է, ապա նա ստանում է հավելավճար, որ մեկ դրույքը լրանա:
Նիկոլ Փաշինյան - Սա կամավոր ատեստավորման հետ կապ չունի:
Ժաննա Անդրեասյան - Ոչ, հույս ունենք, որ ուսուցիչների պակասն այս ուղղությամբ սա կօգնի լրացնել:
Եթե նույն ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում, նրա դրույքը դառնում է 200 հազար դրամ, և բոլոր գործակիցները հաշվարկվում են 200 հազար դրամի նկատմամբ:
206 ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՄՈՏ 60 ՏՈԿՈՍՈՎ. ՆԱԽԱԳԻԾ
2024-ի հունվարի 1-ից կբարձրացվի Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը: Արդարադատության նախարարի խոսքով՝ կա գործող 300 դատավոր, և եթե այս նախագիծը հաստատվի, 206 դատավորի աշխատավարձ մոտ 60 տոկոսով կբարձրանա. դրանք ընդհանուր իրավասության, Վարչական և Սնանկության դատարաններն են: Նախարար Մինասյանի խոսքով՝ փոփոխության շնորհիվ դատական գերծանրաբեռնված օղակն ավելի գրավիչ կլինի մասնագետների համար:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադության նախարար) - Վերջերս մեր իրականացրած փոփոխության արդյունքում հնարավորություն ստեղծվեց, որ պարտադիր՝ մոտավորապես 1 տարվա ուսուցումը կրճատվի, և նոր, ավելի բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով՝ մեր 5 տարվա մասնագետները, որոնք կարող են լինել թե՛ պետական համակարգից, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբաններ, կարողանան քննություն հանձնել և դառնալ դատավոր:
Նման երաշխիքների ապահովումը զերծ կպահի կոռուպցիոն ռիսկերից՝ նշեց Մինասյանը՝ հավելելով՝ 2022-ին բարձրացվել է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը: Բարձր աշխատավարձով է աշխատում նաև նորաստեղծ եռաստիճան Հակակոռուպցիոն դատարանը:
Նիկոլ Փաշինյան - Կարող են որոշակի քննադատություններ լինել՝ չնայած դատավորների աշխատավարձերը բարձրացվում են թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո: Դատավորների աշխատավարձը և ընդհանարապես պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Եվ դատական համակարգում մեր աշխատավարձի բարձրացումը մեր քաղաքականությունն է՝ շարունակական: Իհարկե, մենք ժամանակին նաև խոստացել ենք, երբ որ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք, և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այդ ժամանակ այդ մտահոգությունները կային, որ մենք անհամաչափություն էինք ստեղծում: Բայց մենք ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը մենք, ըստ էության, անում ենք: Առաջիկայում, կախված բյուջետային հնարավորություններից, անդրադարձ կլինի նաև Վերաքննիչ դատարանին:
Աշխատավարձերի փոփոխությունը ենթադրում է բովանդակային փոփոխություն. վարչապետի խոսքով՝ սոցիալական երաշխիքների ուժեղացումն անկախ դատական համակարգ ունենալու առաջնային պայման է:
Նիկոլ Փաշինյան - Երկրորդն էլ՝ միջավայրի ձևավորումը շատ էական է մարդկանց ընկալումների և միջավայրի բովանդակային ազդեցության տեսակետից: Մենք գնում ենք այս ճանապարհով: Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ՝ ոչ միայն Կառավարությունից, այլ ընդհանրապես՝ անկախ դատական համակարգ: Դա շատ մեծ հարցեր կլուծի, շատ մեծ լարվածություն կնվազի, եթե մենք բոլորս իմանանք, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, որը գործում է օրենքի, օրինականության, արդարության և Սահմանադրության շրջանակներում: Սա շատ կարևոր խնդիր է, որը մենք, պետք է խոստովանենք, դեռևս լիարժեք չենք կարողացել լուծել: Լուծումը մեկն է՝ անհոգնել աշխատել և գնալ առաջ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատարանների շենքային պայմանների բարելավման համար ևս անհրաժեշտ է սահմանել նոր ստանդարտներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ դպրոցական գույքի չափանիշներին, խոսեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի նորակառույց դպրոց վերջին այցից տպավորության մասին:
Նիկոլ Փաշինյան - Չեմ ուզում թաքցնել՝ շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից: Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում իրենց ոսկեղենիկ իրագործում տեղերում: Մենք պետք է անընդհատ, անընդհատ բոլորս գնանք,- բոլոր նախարարություններին է վերաբերում, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին,- գնանք, անձամբ նայենք՝ ինչ է տեղի ունենում: Աթոռների կամ գույքի ստանդարտները գոհացուցիչ չեն, և որ չպետք է համակերպվել այդ հանգամանքի հետ: Երեխաները պետք է ստանան հնարավոր լավ գույքով, ուսուցիչներով դպրոց: Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին որակով չհամապատասխանի, ես չեմ ասելու՝ լավ, դե եկեք տեսնենք՝ ոնց ենք այս հարցը լուծում, պիտի գնանք, մենք մեր ձեռքով դպրոցը քանդենք մինչև հիմքերը և կառուցենք նորը: Եթե որևէ մեկն այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է շատ կոպիտ:
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ընթացիկ վերահսկողության բարելավման կարիք կա, իսկ ինչ վերաբերում է Դեղձուտի դպրոցում հայտնաբերված խնդիրներին, ապա այդ մասով խոստացավ վարչապետին առանձին տեղեկացնել՝ ինչ գործընթաց է ընթանում:
Նիկոլ Փաշինյան - Պարոն Ղուլարյան, սպասում եմ Ձեր զեկույցին, 3-րդ, 4-րդ անգամ եմ գնալու, կգնամ, զեկույցը տեսնեմ ճշգրտորեն:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Սկսվել են շտկումները, խնդիրները պարզել ենք, ամբողջապես վերացվել են:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ 22 ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Ավելի քան 1.6 մլրդ դրամ հատկացրեց 7 մարզում սուբվենցիոն 22 ծրագրի համար: Վարչապետը թվարկեց ծրագրերը՝ նշելով, որ ավարտված է Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգումն ու նաև Չինարիի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարման ծրագիրը:
Նիկոլ Փաշինյան - Իսկ Տավուշ գյուղի էն ծրագիրն եղա՞վ, որ գնացել էինք: Կարգավորիչ կայանը, որ պայթում էր: Տավուշի մարզի բնակիչները ջուր ունե՞ն:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այո, ինժեներական սխալներով էր կառուցված, 6 կմ գիծ է անցկացվել, միացրել ենք համակարգին:
Կառավարությունն այս տարի 207 ծրագրի համար արդեն վճարել է 12.2 մլրդ դրամ: