ՄԱԿ-ը կապ չի հաստատել զինվորականների հետ, որոնք հայտարարել են Նիգերի նախագահին իշխանությունից հեռացնելու մասին։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ աջակցություն հայտնելով ճգնաժամի կարգավորմանն ուղղված Նիգերիայի նախաձեռնությանը: Նա նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել պատանդառված նախագահ Մոհամեդ Բազումին:
Երեկ Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին պատանդառած զինվորականներն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ երկրի ղեկավարը հեռացվել է իշխանությունից:
Հայտարարությունը կարդացող գնդապետ Ամադու Աբդրամանեն նշել է, թե այդպիսով զինվորականները վերջ են տվել անկայուն անվտանգային իրավիճակին և վատ կառավարող ռեժիմին: Զինվորականները նաև հայտարարել են Նիգերում պարետային ժամ սահմանելու և սահմանները ժամանակավոր փակելու մասին:
Նախագահի հեռացման մասին լուրը տարածվելուց հետո երկրի ազգային ժողովի մոտ են հավաքվել Մոհամեդ Բազումի աջակիցները՝ պահանջելով ազատ արձակել նրան: Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան: Ժամեր անց մայրաքաղաք Նիամեյի տարբեր հատվածներում անկարգություններ են կազմակերպել ռազմական հեղաշրջման աջակիցները: Նրանք այրել են նախագահի կուսակցության գրասենյակից դուրս բերված իրերը, մեքենաներ և անվադողեր:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի նախագահին: Աֆրիկյան միությունը զինվորականների գործողությունները «դավաճանություն» է որակել: