Հայաստանյան 6 բանկ դադարեցրել է Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը: Նման որոշման մասին արդեն հայտարարել են Արդշինբանկը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Էվոկաբանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը:
Հուլիսի 20-ին Unistream վճարային համակարգի օպերատոր, ռուսական նույնանուն բանկը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Մինչև հոկտեմբերի 18-ը ռուսական այդ բանկի հետ գործառնությունները չդադարեցնելու դեպքում, ԱՄՆ-ն կարգելափակի տվյալ բանկի ակտիվները և կսահմանափակի իր քաղաքացիների հետ բիզնես գործարքներ կատարելու հնարավորությունը:
Աշոտ Օսիպյան (Բանկային մենեջմենթի դպրոցի տնօրեն) - Բավականին մեծ տեսակարար կշիռ ունեցող վճարահաշվարկային համակարգ է «Յունիստրիմը», որը սպասարկում էր դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, բայց ես շատ մեծ աղետ չեմ տեսնում: Այսինքն` փողը Ռուսաստանից դեպի Հայաստան, որը կապված է միգրացիոն գումարների հետ, նրանք պատժամիջոցների տակ չեն կարող ընկնել, և տրամաբանության մեջ է, որ կշարունակեն հոսել դեպի Հայաստան:
Առևտրային բանկերը ինքնուրույն են որոշում, թե ինչպես են շարունակելու գործակցությունը «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի հետ՝ ելնելով իրենց պայմանագրային պարտավորություններից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, արձագանքում են Հայաստանի գլխավոր դրամատնից:
ՀՀ կենտրոնական բանկ - Ներկայում Կենտրոնական բանկը չի հրապարակում առանձին համակարգերով դրամական փոխանցումների վիճակագրությունը: ԿԲ գնահատականների համաձայն՝ «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով փոխանցումների դադարեցումը կարող է հանգեցնել որոշ անհարմարությունների այն քաղաքացիների համար, որոնք օգտվում էին այս համակարգի ծառայություններից, սակայն բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպասարկում են այլ համակարգեր ևս, որոնք, որպես այլընտրանք, կարող են փոխարինել «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգին:
Աշոտ Օսիպյանը չի բացառում, որ առիթից օգտվելով` նաև հայկական բանկերը փորձեն նմանատիպ համակարգ ստեղծել:
Աշոտ Օսիպյան - Եթե կա պահանջարկ` փոխանցում կատարելու, այդ պահանջարկն անպայման կլրացվի, և այդ պատժամիջոցները հիմնականում, եթե նայում ենք, տրամաբանությունը, դա հասարակ միգրանտին պատժելը չէ, նույնը տեղի ունեցավ «Միր» վճարահաշվարկային համակարգի հետ:
Այս տարվա հունվար-մայիսին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով արդեն իսկ փոխանցվել է 1 մլրդ 832 մլն դոլար: Բացի հայկական բանկերից, «Յունիստրիմի» սպասարկումը դադարեցնելու մասին հայտարարել են նաև վրացական, ղազախական, ուզբեկական և ղրղզական մի շարք բանկեր:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան