Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի դրանից՝ ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Նախանշված բարեփոխումների իրականացման հարցում ծրագիրն օժանդակություն է տրամադրելու քաղաքականության վերաբերյալ ընդլայնված երկխոսության, ֆինանսավորման ու տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով:
Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:
Ծրագիրը միտված է ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։
Հիմնվելով ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:
«Սյունիքի մարզում ԵՄ սոցիալական ու տնտեսական համագործակցության պլանի շրջանակում Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման ուղենիշի շրջանակներում Գորիս և Կապան խոշորացված համայնքներում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ստեղծում ենք սմարթ կենտրոններ, որոնք կդառնան այս տարածաշրջանում որակյալ կրթական համակարգի ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը. այսպիսով այստեղ կունենանք ամբողջությամբ նոր կրթական միջավայր»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով մարզերի դպրոցներում լաբորատորիաների առկայության հարցին՝ նախարարը նշեց, որ հանրակրթության չափորոշչի փորձարկման շրջանակներում Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ: Նա նշեց, որ գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ լաբորատորիաների առկայության պարագայում բնագիտական առարկաների ուսուցման մակարդակն էապես բարելավվում է:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ ստանդարտով են լաբորատորիաները սահմանվում: «Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցում նույն ստանդարտի լաբորատորիանե՞ր են, ինչ որ, ասենք, Բելգիայի, Բրյուսելի որևէ դպրոցում»,- հարցրեց նա: «Այն ստանդարտը, որը դրված է, բավականին բարձրորակ ստանդարտ է: Ես կարծում եմ՝ որևէ բանով չի զիջում եվրոպական երկրներում դպրոցներում առկա լաբորատորիաներին: Ինքս, լինելով նաև և տեսնելով նման լաբորատորիաներ արտերկրի դպրոցներում, կարող եմ ասել, որ այո»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը կարևորեց որ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ այս տարի Տավուշի մարզում բնագիտական առարկաների քննությունները կփոխվեն այն ձևով, որ լաբորատորիաների գործածությունը պարտադիր լինի: «Որպեսզի աշակերտը կարողանա պատասխանել այդ հարցերին՝ պետք է որոշակի փորձեր իրականացրած լինի, և սա նաև կուղղորդի, որպեսզի այս լաբորատորիաներն ավելի ինտենսիվ և արդյունավետ օգտագործվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: