Հացահատիկի գործարքը պարունակում էր համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման ոչ իրավաչափ սահմանափակումները վերացնելու պարտավորություններ, բայց Ռուսաստանի պայմաններից ոչ մեկը չի կատարվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստի ելույթում։
«Տարօրինակ պատկեր է ստեղծվում. Արևմուտքի երկրները մի կողմից խոչընդոտում են մեր հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը, իսկ մյուս կողմից՝ երեսպաշտորեն մեղադրում են մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար»,- ասել է Պուտինը:
Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու աֆրիկյան երկրներին գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հարցում։ ՌԴ նախագահի խոսքով՝ ապագայում Աֆրիկան կարող է ոչ միայն կերակրել իրեն, այլև դառնալ սնունդ արտահանող, և Ռուսաստանը կաջակցի այդ հարցում:
«Պատրաստ ենք ընդլայնել Աֆրիկայում աշխատող ռուսական առևտրային ներկայացուցչությունների ցանցը, ավելացնել տնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, կրթության, գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով դաշնակիցների քանակը»,- հավելել է Պուտինը: