Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 53+150 - կմ 65+350 հատվածի հիմնանորոգումը։ 12.2 կմ երկարությամբ ճանապարհը, որ սկսվում է Արարատի տրանսպորտային հանգույցից և հասնում մինչև Երասխի խաչմերուկ, հիմնանորոգել է «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ն։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են նշված ճանապարհահատված և ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Արմստրոյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Մամիկոնյանը կատարված աշխատանքների որակը բարձր է գնահատում։ Պարոն Մամիկոնյանը նշում է, որ հիմնանորոգումը կատարվել է ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել աշխատանքների ընթացքում, սակայն շինարարը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եղել են նաև որոշ խնդիրներ, որոնց աշխատանքային կարգով տրվել են համապատասխան լուծումներ, և արդյունքում այսօր ունենք բարեկարգ ճանապարհահատված։ Տեխհսկողը նկատում է, որ նման ճանապարհը կարող է մինչև 16 տարի ծառայել, եթե ընթացքում այն լավ սպասարկվի և երթևեկող ծանրաքաշ մեքենաները բեռնված լինեն սահմանված չափով։
Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում քանդվել է ծածկը, կառուցվել է նոր հիմք, տեղադրվել է եռաշերտ նոր ասֆալտբետոնե ծածկ։ Բնակավայրերի տարածքներով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, բնակավայրերում ճանապարհի երթևեկելի մասում տեղակայվել են նաև բազմաթիվ աղմկոտ գոտիներ, որոնք վիբրացիա առաջացնելու հետևանքով ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, գծանշումը կատարվել է թերմոպլաստ նյութով։ Նորոգվել են նաև ճանապարհին առկա ուղեանցն ու փոքր կամուրջները։
Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Բաղդասարյանը ևս ընդգծում է կատարված աշխատանքների բարձր որակը։ Պարոն Բաղդասարյանը նկատում է, որ իրենց համայնքում այսօր մեծ խնդիր է գերբեռնված բեռնատարների երթևեկը, ինչը վնաս է հասնում ճանապարհներին։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։