Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ղարաբաղի բնակչության ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրման մասին հայտարարություններին: «Ուրիշ ճար չկա. խաղն ավարտված է»,- ասել էր նա:
«Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, գիտեք, դիվանագետի հայտարարություն չէ, երբ որ խոսքը էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած 100 հազարից ավել մարդկանց մասին է, ուղղակի խոսել խաղի մասին... Եթե 100 հազարավոր մարդու կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա, ինձ թվում է, պետք է մնա միջազգային հանրության խղճին, թող նրանք դիտարկեն»,- Հաջիևի խոսքը այսպես մեկնաբանեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է ինտեգրման հարցին, ապա, Մարուքյանի խոսքով, Ադրբեջանն ունի հնարավորություն ԼՂ հետ բանակցություններ սկսելու և բանակցելու դրա շուրջ, ինչի մասին իրենք ասում են: «Թող բանակցեն. ԼՂ ներկայացուցիչները կորոշեն՝ իրենք ինչ են ուզում, ինչ իրավունքներ են ներկայացնում: Վերջին հաշվով, իրավունքների և անվտանգության բանակցությունները, իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխիքների հարցը պետք է ԼՂ-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի:
Հաջիևն ասում է՝ խաղն ավարտված է, պետք է ինտեգրվեք. գնացեք բանակցեք և ասեք մարդկանց: Թվիթերում չեն բանակցում: Ես շարունակում եմ պնդել և հույս հայտնել, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի կունենան այդ քննարկումները»,- ասաց Էդմոն Մարուքյանը: