Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ-ին հումանիտար աջակցություն տրամադրելու ՀՀ որոշմանը: Այս քայլն Ադրբեջանի ԱԳՆ-ն «շոու» է անվանել և «սադրանք»` նշելով, թե իբր Հայաստանում «չեն կարողանում հաշտվել Լաչինի անցակետի գոյության հետ»:
««Հումանիտար բեռ» անվան տակ Հայաստանն Ադրբեջանի սուվերեն տարածք է ուղարկում ավտոշարասյուներ` առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու. սա ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ, հերթական սադրանքը` ուղղված Լաչինի սահմանային անցակետի դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ գերատեսչության` մոսկովյան բանակցություններից հետո, երբ լայնորեն քննարկվել է ներկա իրավիճակը, նման քայլն ապացուցում է «այս գործընթացում Հայաստանի` ոչ անկեղծ լինելը, իրավիճակը սրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու ցանկությունը»:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է, թե «այս սադրանքը» ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի պատրվակով սա հայկական կողմի շահարկումն է և ապօրինի գործունեության շարունակությունը»:
Բաքուն կրկին հիշեցրել է ԼՂ հայ բնակիչների կարիքների ապահովման համար «Աղդամ-Ստեփանակերտ»-ը և այլընտրանքային ուրիշ ճանապարհներ օգտագործելու իր առաջարկը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, թե «Հայաստանում ԵՄ առաքելության և դիվանագիտական կորպուսի ներգրավվածությունը այս սադրանքին ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված քայլ էր»։