Երեկ 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև այլ մանրամասներ:
«Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու՝ Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հիշեցրեց երեկ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 19 բեռնատարների պարունակության մասին. ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա:
«Երևանից շարժվելուց առաջ՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված այդ բեռնատարների՝ վերը հիշատակված պարունակությանը:
Ինչո՞ւ, ուրեմն, Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ, անկախ գնահատականներից, հայկական կողմը սպասում է ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտոնական Բաքվի դրական արձագանքին:
«Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, ընդհակառակը՝ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»,- ասաց նա: