ՀՀ ԱԳ նախարարը հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի երկու որոշումների իրավաբանական ուժով: Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածից «Լուրեր»-ի ուղիղ եթերում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին այս նախաձեռնության մասին հայտն՞ել է:
«Այսինքն՝ ոչ թե կոնկրետ 300-400 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի մեր նախարարը, այլ պետք է բարձրացվի ընդհանրապես միջանցքը բացելու հարցը, որը, բնականաբար, բարձրացրել է, և դա քննարկվել է հանդիպման ժամանակ»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ նախաձեռնությունը հաջորդեց մոսկովյան հանդիպմանը, և ենթադրվում էր, որ այնտեղ պայմանավորվածություն է եղել, որ բացվի միջանցքը, և հումանիտար բեռը տեղափոխվի ԼՂ, Մարուքյանը պատասխանեց. «Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու պահանջն ավելի մեծ գործընթաց-պահանջ է, քան ուղղակի շուրջ 400 տոննա հումանիտար բեռ անցկացնելու հարցը: Դրա համար չպետք է մասնավորեցնել: Դրա համար մեր մոտեցումը, մեր բարձրացրած հարցը ընդհանուր բնույթի է»:
Հարցին՝ այդ դեպքում, եթե ռուս խաղաղապահներից ի սկզբանե չի եղել որևէ երաշխավորություն, որ իրենք ուղեկցելու են, տեղափոխելու են այս բեռները, ո՞րն էր Երևանի նպատակը՝ 19 բեռնատարները հասցնել այստեղ, Մարուքյանը պատասխանեց «Այսինքն՝ 7 ամսվա ընթացքում եղել է շրջափակումը, որից՝ հունիսի 15-ից սկսած, ամբողջական շրջափակում է, այսինքն՝ այս ամբողջ ընթացքում Հայաստանը փորձել է բեռները տանել ԼՂ, այս ամբողջ ընթացքում աշխատանքն է իրականացվել»: