Ձմեռն անցավ, «Գազպրոմ Արմենիա»-ն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առատաջարի դիրքը զիջեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Եթե հունվար-մարտին առաջատարը գազամատակարարում իրականացնող ընկերությունն էր, ապա հունվար-հունիսի տվյալով՝ պետական բաժնեմասնակցությամբ Պղնձամոլիբդենայինն է՝ վճարած 34 մլրդ 795 մլն դրամով, «Գազպրոմը» վճարել է 30 մլրդ 632 մլն, երրորդ տեղում գտնվող «Գրանդ Տոբակոն»՝ 20 մլրդ 202 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` առաջին կիսամյակի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 874 միլիարդ 522 միլիոն դրամ` 21.1 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Կարինե Մնացականյան (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Հարկային մասով 668 մլրդ 245 մլն դրամ է կազմում, իսկ մաքսային գումարների մասով` 206 մլրդ 276 մլն դրամ: Բոլոր հարկ վճարողների կողմից վճարված հարկային եկամուտների ցուցանիշի նկատմամբ խոշոր հարկ վճարողների վճարած գումարները ընդհանուրի մեջ կազմում են 79 տոկոս:
Ցանկը ուսումնասիրել և վերլուծություններ է իրականացրել նաև հասարակական սեկտորը, նշում են` ոչ միայն առաջին տասնյակի կամ հարյուրյակի վճարած հարկերն են ավելացել, այլև տնտեսական աճն, ըստ էության, ներառական է եղել ցուցակը եզրափակողների համար:
Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ գործադիր տնօրեն) - Ցանկի վերջին և առաջին հորիզոնականների միջև հարաբերակցությունը զգալիորեն նվազել է, ինչը համարվում է դրական միտում, քանի որ դրանով հասկացվում է, որ հարկային եկամուտների մեծացումը պայմանավորված է եղել ոչ միայն անհատապես խոշոր հարկ վճարող ոլորտների և ընկերությունների հաշվին, այլ նաև այլ ոլորտների և ընկերությունների հարկային եկամուտների ավելացմամբ:
Այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշորների ցանկում 312 նոր անուն է հայտնվել, որոնք վճարել են մոտ 120 մլրդ դրամ, նշում է Կարինե Մնացականյանը: Ինչ վերաբերում է թե՛ նախորդ, թե՛ այս ցուցակում ընդգրկվածներին, ՊԵԿ պաշտոնյան մանրամասնում է, թե որքանով է պատկերը փոխվել:
Կարինե Մնացականյան - Ընդհանուր առմամբ 688 հարկ վճարողները, որոնք և անցյալ տարվա առաջին կիսամյակում են ընդգրկված եղել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, և ընթացիկ կիսամյակում են ներառված, այդ 688 հարկ վճարողներից 504-ի մոտ առկա է աճ, իսկ 184-ի մոտ նվազում:
Ոլորտն ուսումնասիրողների խոսքով՝ հատկապես նկատելի է բանկային ոլորտի ընկերությունների վճարած հարկերի աճը: Դեռևս շարունակում է խնդիր մնալ խոշոր ընկերությունների տարածքային բաշխվածությունը:
Արմենուհի Բուռնազյան - Հիմնականում տնտեսական ակտիվությունը կենտրոնացած է Երևանում, և դա` այն պարագայում, երբ որ մենք տեսնում ենք, որ Երևանից դուրս գրանցված ընկերությունների թիվը, քանակապես աճ ենք նկատում այդ ընկերությունների ցանկում, սակայն միևնույնն է` գումարային առումով Երևանը կրկին զբաղեցնում է զգալի մասնաբաժին:
Միևնույն ժամանակ խոշոր հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկերի գծով 6 ամսում վերադարձվել է 80 մլրդ 854 մլն դրամ` նախորդ տարվա 50.2 մլրդի փոխարեն:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան