ԵՄ-ն խորապես մտահոգված է ԼՂ բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Այս մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած Միջազգային դատարանի` այն կրկին բացելու վճռին: Առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունն ու ազատությունն ու թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:
Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:
ԵՄ-ն նաև նշում է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն` ներառյալ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ սուբյեկտի կողմից չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարության մեջ: