ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Շնորհավորելով Ումանգ Ռավաթին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վահե Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կշարունակվի նույնքան արդյունավետ կերպով:
Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել ավանդույթ դարձած արդյունավետ համագործակցությունը։