Հուլիսի 25-ին՝ ժամը 14․50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ լենդ» հանգստյան գոտու մոտակայքում
տեղի է ունեցել ավտովթար երեք ավտոմեքենաների մասնակցությամբ։ Իրար են բախվել Երևան քաղաքի բնակչի վարած Lexus GX մակնիշի, Սևան քաղաքի բնակչի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակչի վարած Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաները։ Վերջին երկու ավտոմեքենաներն իրականացնում էին ուղևորափոխադրումներ։
Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ են տեղափոխվել «Լեքսուսի» և «ԳԱԶել»-ի վարորդները, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող «ԳԱԶ-32213» և Mersedes մակնիշի ավտոմեքենաների 14 ուղևորները։ Վնասվածքներ ստացած անձանցից 10-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից, 6-ը շարունակում են ստանալ ստացիոնար բուժում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։
Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները, վթարի առաջացման պատճառները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։