44-օրյայի ընթացքում ադրբեջանական կողմի հրետակոծությունից տուժած Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին նորոգման անվան տակ ավերվում է: Ադրբեջանական վանդալիզմը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենը ներկայացրել է փաստերով: Եկեղեցու վեղարը հանվել է՝ թողնելով բաց երկնքի տակ: Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում հայկական կոթողների պղծման հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվել, ԼՂ ՄԻՊ-ը պատրաստվում է աղետալի վիճակի վերաբերյալ զեկույց հրապարակել:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ահազանգում է՝ երկրորդ անգամ Ադրբեջանը Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը նորոգման քողի տակ ենթարկում է վանդալիզմի: 1992-ին ոչնչացվել էր եկեղեցու մուտքի 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ.-ին, երբ հոգևոր կոթողն անցել է ադրբեջանական հսկողության ներքո, կրկին իբր «նորոգում» են նույն շքամուտքը:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Այդ նույն շինարարական արձանագրության տեղում մի անճոռնի քար է տեղադրում և դա նշում է որպես նորոգված կամ նորոգման ընթացքում: Աղավաղում է հուշարձանը, ակնհայտ է երևում անճոռնի, ոչ մասնագիտական նորոգումը: Ներսում եղել է Դիզակի մելիքների զինանշանը, որը 90-ականների կարճ գրավման ժամանակ ավերել էին:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊՂԾՈՒՄ Է ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ
Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման մասին տեղեկությունները ադրբեջանցի օգտատերերը հպարտությամբ տեղադրում են սոցցանցի իրենց էջերում: Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պղծմանը:
Րաֆֆի Քորթոշյան - Նորոգություն, այսպես ասած, չկա, ավելին՝ ավերում է տեղի ունեցել: Մի ռմբակոծման հետք է եղել, թաղերից մեկը փլուզվել է, այլ ուրիշ նորոգման կարիք չի եղել: Ամբողջությամբ նորոգված էր: Նորոգման անվան տակ վեղարը հանել են, 2 տարի գմբեթը թողել անձրևի, ձյան տակ:
Ադրբեջանը նորոգման պատրվակով եկեղեցու շուրջ ցուցադրաբար տախտակե ծածկ է տեղադրել, մինչդեռ հրետակոծության հետևանքով եկեղեցին ամբողջությամբ չի ավերվել, և, հետևաբար, ծածկի կարիք չկա: Մի քանի օր առաջ Շուշիում կազմակերպված գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ևս ներկայացվել է, թե իբր վերականգնում են պատերազմի հետևանքով վնասված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, այն դեպքում, երբ եկեղեցին հրետակոծել էր հենց Ադրբեջանը: Լեռնային Ղաաբաղի մարդու իրավունքների պաշտպանը սա համարում է շարունակվող վանդալիզմ հայկական արժեքների նկատմամբ, պնդում է՝ պատերից ջնջում են հայկական գրությունները:
Գեղամ Ստեփանյան (ԼՂ մարդու իրավունքների պաշտպան) - Ղազանչեցոցի թեման ակտիվացել է երկու պատճառով՝ առաջինը մեդիա ֆորումն էր, որտեղ ներկայացված ադրբեջանական պետական քարոզչամեքենայի լրագրողներ, որոնց ամոթ է լրագրող անվանելը, նկարներ էին տեղադրում Թվիթերում և ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերն առաջ տանում, երկրորդը՝ պայմանավորված Օդեսայի եկեղեցու թիրախավորման հետ:
Րաֆֆի Քորթոշյան - Տանում է լրագրողներին, որոնք պատմությունից տեղյակ չեն, միակողմանի տեղեկություն է տալիս: Եթե տաներ մասնագետներին, որոնք նախապես տեղեկացված լինեին, խայտառակ կլիներ: Չի տանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք խմբին, տանում է լրագրողներին, ինչ ուզում, ասում է:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրենն ասում է՝ վերջին 3 տարում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման, պղծման միայն 100 փաստ իրենք ունեն: ԼՂ ՄԻՊ փաստահավաք աշխատանքի շնորհիվ արձանագրվել է մոտ 150 դեպք, այդ թվում՝ գերեզմանների պղծման:
Գեղամ Ստեփանյան (ԼՂ մարդու իրավունքների պաշտպան) - Պատրաստվում էինք զեկույց հրապարակել, երբ ստեղծվեց աղետալի վիճակը: Իրավիճակի կայունության դեպքում կշարունակենք աշխատանքը:
Այդ ուղղությամբ, ըստ Ստեփանյանի, աշխատում են նաև մշակութաբաններ Հայաստանից ու սփյուռքից: Միջազգային որոշ կազմակերպություններ ևս մշտադիտարկում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները: