ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին։
Երկկողմ բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանն հայտարարել է, որ պաղեստինյան հարցը վաղուց շատերի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, սակայն այն արժանի է միջազգային հանրության ուշադրությանը։ Նա հատկապես կարևորել է ՄԱԿ-ի ներգրավվածությունը Պաղեստինի հարցում: «Մենք համերաշխությամբ աջակցել ենք Պաղեստինի ժողովրդին և կշարունակենք դա անել Պաղեստինի հարցում։ Խորապես մտահոգված ենք օրեցօր ավելացող մահվան գործիքներով, ավերածություններով, բնակավայրերի անօրինական ընդարձակմամբ և վերաբնակիչների կողմից բռնությամբ»,- ասել է Էրդողանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Թուրքիա սպասվում էր հուլիսի 28-ին: Սակայն այն հետաձգվել էր՝ Նեթանյահուի առողջական վիճակով պայմանավորված։
ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԿԻԵՎԻՆ
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Կիևն առաջարկել է պատերազմական գոտուց հացահատիկն արտահանել Բալթյան երկրներով։ «Կարևոր են համերաշխության ուղիներով արտահանման բոլոր հնարավորությունները, Եվրահանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով»,- նշել են հանձնաժողովից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներն իրենց նավահանգիստներով ուկրաինական հացահատիկ արտահանելու ինքնիշխան իրավունք ունեն: Նա նաև նշել է, որ այժմ համաձայնագրի վերսկսումը Մոսկվայի համար անհնար է։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Միջերկրական ծովի ավազանի երկրներում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել Ալժիրում։ Այնտեղ մահացել է 34 մարդ։ Ալժիրի կառավարությունը հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 8000 հրշեջ և հարյուրավոր միավոր տեխնիկա։ Թունիսում ևս հրդեհներ են, տարհանվել է 300 մարդ։
Հունաստանի 13 նահանգներից 6-ում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։ Հռոդոս կղզում ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել։ Հանգստավայրերից տարհանվել են նաև հազարավոր զբոսաշրջիկներ։
Հունական Եվբեա կղզում հրդեհաշիջման ժամանակ ինքնաթիռի կործանման պատճառով 2 օդաչու է զոհվել։ Կորֆու և Կրետե կղզիներում նույնպես անտառային հրդեհներ են։
Իտալիայի հյուսիսում փոթորիկներ են, կարկուտ և պտտահողմեր: Սիցիլիայում և հարավային այլ շրջաններում անտառային հրդեհների պատճառով 4 մարդ է մահացել։ Փոթորիկները ևս 2 մարդու կյանք են խլել։
ԻՍՐԱՅԵԼՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Իսրայելցի բժիշկները սկսել են 24-ժամյա գործադուլ՝ ի պատասխան Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից դատական բարեփոխումների առաջին մասի վավերացմանը, որը, ըստ քննադատների, վտանգի տակ կդնի դատարանների անկախությունը:
Իսրայելի բժշկական ասոցիացիան բժիշկներին հրամայել է 24-ժամյա գործադուլ անել ամբողջ երկրում՝ բացի Երուսաղեմից, որտեղ հաճախակիացել են տարբեր միջադեպերը:
Առաջին օրինագիծը, որը Գերագույն դատարանին զրկում է կառավարության որոշ որոշումների վերանայման հնարավորությունից, ընդունվել է երկուշաբթի Կնեսետում բուռն քննարկումներով անցած նիստում, որի ավարտին ընդդիմությունը լքել է դահլիճը: Ըստ վարչապետի քաղաքական հակառակորդների՝ Նեթանյահուն Իսրայելը մղում է դեպի ավտոկրատիա:
Ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս: Երկուշաբթի ցուցարարների և ոստիկանության միջև տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բախումներ: