Հուլիսի 25-ին Եվրահանձնաժողովի խոսնակ Ադալբերտ Յանցը հայտնել է, որ Կիևն առաջարկել է պատերազմական գոտուց հացահատիկն արտահանել Բալթյան երկրների տարածքով։ «Կարևոր են համերաշխության ուղիներով արտահանման բոլոր հնարավորությունները, Եվրահանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով, Բալթյան երթուղիները, անկասկած, կարևոր են»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթյան երկրներն իրենց նավահանգիստներով Ուկրաինական հացահատիկ արտահանելու ինքնիշխան իրավունք ունեն: Նա նաև նշել է, որ այժմ համաձայնագրի վերսկսումը Մոսկվայի համար անհնար է։
Հուլիսի 17-ին Ռուսաստանը դադարեցրեց մասնակցությունը հացահատիկի գործարքին, որը թույլ էր տալիս ուկրաինական սննդամթերքի անվտանգ արտահանումը ծովով, և հետ կանչեց նավարկության անվտանգության երաշխիքները: Կրեմլում դա բացատրել են նրանով, որ Մոսկվայի մասնակցության պայմանները չեն պահպանվում։