Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի շուրջ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:
Լենա Նանուշյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող պացիենտների՝ Հայաստան տեղափոխելու արգելքին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռներ, այդ թվում` դեղեր: